Հալեպի ազատագրումից հետո սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան կտրուկ նվազել է. որոշակի շարժ է նկատվում հակառակ ուղղությամբ

Armenpress 10:35, 16 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի ազատագրումից հետո սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան կտրուկ նվազել է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ջորջ Բարսեղյանը, այժմ Հայաստանից դեպի Հալեպ մեկնողների շրջանում է որոշակի ակտիվություն նկատվում:

«Այն սիրիահայերը, որոնք այստեղ էին և այս տարիների ընթացքում փորձեցին ինչ-որ արդյունքի հասնել, սեփական գործ ունենալ, ու ինչ-ինչ պատճառներով հաջողություն չունեցան, բնականաբար, միշտ սպասում էին վերադառնալու առիթի: Հետևաբար, Հալեպի ազատագրումից հետո որոշները վերադառնում են, մանավանդ, Հալեպում ունեն իրենց տունը, արհեստանոցները, խանութները: Շուկաները ազատագրվեցին, մարդիկ վերադառնում են աշխատանքի»,-ասաց Ջորջ Բարսեղյանը:

Նա դժվարացավ վերադարձողների վերաբերյալ կոնկրետ վիճակագրություն ներկայացնել, որովհետև սիրիահայերը մշտական շարժի մեջ են: Վերջին տվյալներով, Հայաստանում կա գրանցված 22 հազար 500 սիրիահայ: Հայաստանում գտնվող սիրիահայերը կապված են «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի հետ, որը շարունակում է աջակցություն տրամադրել: Միջազգային, հասարակական կազմակերպությունների հետ աշխատելով, կառավարության աջակցությամբ  տրամադրվում է սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ:

Տրամադրվող աջակցությունից ամենահիմնականներից մեկը բժշկական ծառայությունն է: Կենտրոնի գրասենյակի երկրորդ հարկում բացվել է կլինիկա, գործում է թերապևտի, մանկաբույժի, սրտաբանի, գինեկոլոգի, ակնաբույժի սենյակներ: Այդ ամենը գործում է բարեգործական նպատակով:

«Իհարկե, բժշկական օգնության առյուծի բաժինն ընկում է ՀՀ կառավարության վրա: Սփյուռքի նախարարությունն իր շնորհակալ աշխատանքով կարողացավ հաջողության հասնել: Երբ որևէ սիրիահայ բժշկական օգնության կարիք ունի, դիմում է նախարարությանը, վերջինս էլ Առողջապահության նախարարության միջոցով օրերի ընթացքում կազմակերպում է պետպատվերի հարցը: Իզմիրլյան հիմնադրամի,  համանուն հիվանդանոցի, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի աջակցությամբ էլ լրացուցիչ օգնություն է տրամադրվում, երբ հիվանը դուրս է մնում պետպատվերից կամ այդ շրջանակում չի կարողանում իր բժշկական ծախսերը ծածկել»,-ասաց նա:

Սիրիահայերի համար շարունակում է խնդիր մնալ բնակարանի վարձավճարը: Այդ ուղղությամբ ևս աջակցություն տրամադրվում է: Ով նոր է եկել Հայաստան առաջին 3 ամսվա ընթացքում տրամադրվում է վարձակալության գումարը, հետո ուսումանսիրվում է, եթե իսկապես կարիքավոր է, ապա ամիսը 60 հազար տրամադրվում է: Ընտանիքներ կան 15 ամիս ստացել են աջակցություն:

Ջորջ Բարսեղյանը նշեց, որ Հայաստանում այսօր կան բազմաթիվ սիրիահայեր, ովքեր ունեն իրենց բիզնեսը: Նրանք աշխատում են հիմնականում ծառայությունների, ռեստորանային ոլորտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am