1000х90.jpg (78 KB)

Նախագահը ընդունել է Բորիս Մինցի անվան ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին

Armenpress 18:52, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բորիս Մինցի անվան գլոբալ խնդիրների ռազմավարական լուծումների ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին, ովքեր այսօր Երևանում Հայ-ռուսական համալսարանի գործընկերների հետ միասին կազմակերպել են «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանը: Հանրապետության Նախագահը նստաշրջանին ուղերձ է հղել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստան ժամանած առաջատար փորձագետներին և պրոֆեսորներին, անվանի քաղաքական գործիչներին և բարերարներին, ովքեր մտահոգված են արդի գլոբալ խնդիրներով ու մարտահրավերներով և պատրաստ են ներդնել իրենց մեծ փորձն ու գիտելիքները՝ միավորելով ջանքերը արդյունավետ խորհրդատվությունների և ճիշտ լուծումներ գտնելու համար:Նախագահն այդ համատեքստում բարձր է գնահատել Բորիս Մինցի անվան ինստիտուտի գործունեությունը, և խորհրդի բոլոր անդամների նվիրվածությունը կարևոր այդ գործին՝ ընդգծելով, որ բոլոր երկրներում էլ իշխանությունները մշտապես խորհրդի ու փորձառու մարդկանց առաջարկությունների կարիքն ունեն, և այդ առումով Հայաստանը բաց է ու պատրաստակամ երկխոսության համար: Շնորհակալություն հայտնելով Հանրապետության Նախագահին ընդունելության համար՝ Բորիս Մինցը և հանդիպման մյուս մասնակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Երևանում կայացած նստաշրջանը բավականին հետաքրքիր և արդյունավետ է անցել՝ հնարավորություն ընձեռելով լսելու նաև հայկական կողմից տարբեր փորձագետների, ակադեմիական ոլորտի աշխատակիցների ու պրոֆեսորների, ինչպես նաև պետական կառույցների աշխատակիցների կարծիքներն ու պատկերացումները երկրի զարգացման հեռանկարի և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ:Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերին հակիրճ ներկայացրել է անկախությունից ի վեր Հայաստանի անցած ուղին, զարգացման ընթացքը՝ ժողովրդավարության, կայացած քաղաքացիական հասարակության և շուկայական տնտեսության վրա հիմնված պետություն կառուցելու ուղղությամբ ջանքերը, առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am