ՀՀ ԿԳ նախարար Մկրտչյանը ՌԴ նախագահի ներկայացուցչի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտում հարաբերությունների հարցեր

Armenpress 18:22, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ով Երևանում է գտնվում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր: Հյուրի խնդրանքով  ԿԳ նախարարը ներկայացրել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Այս համատեքստում  Լ. Մկրտչյանը նշել է, որ օտար լեզուների ուսուցումը և բնագիտական ուղղվածության զարգացումը դիտվում են որպես առաջնահերթություն: ԿԳՆ-ի կողմից այժմ հանրային քննարկման են ներկայցված օտար լեզուների և ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգերը. «Մենք լեզուների ուսուցման զարգացումը դիտարկում ենք որպես տվյալ քաղաքակրթության ինտեգրման, ինչպես նաև  գիտության՝ մասնավորապես  բնագիտական և տեխնիկական ուղղությունների  բարելավման բաղադրիչ»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ հավելելով, որ հայկական կողմը կարևորում է ռուսական կողմի աջակցությունը ռուսաց լեզվի բարձրակարգ ուսուցիչների պատրաստման հարցում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային մի շարք խնդիրներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am