Հայ երիտասարդները լավատեսություն են ներշնչում. Պյոտր Սվիտալսկին մրցանակներ շնորհեց Եվրոպայի մասին էսսեների մրցույթի հաղթողներին

Armenpress 17:18, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մրցանակներ շնորհեց «Հայաստանի մարզերում Եվրաակումբներ» ծրագրի շրջանակում հայտարարված  «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» խորագրով համազգային ոչ ակադեմիական էսսեների մրցույթի 2 հաղթողներին, ովքեր ընտրվել են 74 մասնակցից:

Դեսպան Սվիտալսկին նշեց, որ շատ է տպավորվել էսսեներով եւ  այն խորը մտքերով, որոնք երիտասարդներն արտահայտել են իրենց շարադրանքներում՝ եւս մեկ անգամ հաստատելով իրենց տաղանդն ու իմաստությունը:

«Ուրախ եմ այս մրցույթի արդյունքներով: Ես անձամբ ընթերցել եմ հաղթող էսսեները: Սա ինձ մեծ լավատեսություն է տալիս Հայաստանի ապագայի նկատմամբ, որովհետեւ այս երիտասարդները մարմնավորում են այն ողջ տաղանդը, որ կա: Ինձ  շատ է տպավորել հատկապես երիտասարդներից մեկի այս միտքը, որ Եվրոպան չպետք է ընկալել սոսկ որպես աշխարհագրական միավոր, քանի որ այն ավելին է: 

Ըստ էության՝ Եվրոպան  սկսում է այնտեղ, որտեղ սկսվում է ժողովրդավարությունը եւ ավարտվում այնտեղ, որտեղ  սկսվում է տգիտությունը եւ անհանդուրժողականությունը:   Այո, Եվրոպան արժեքների նախագիծ է,  եւ քանի մենք կրում ենք այդ արժեքները, կարող ենք ասել, որ եվրոպացի ենք: Ըստ իս՝ երիտասարդներից Արթուր Բարսեղյանը եւս շատ կարեւոր միտք էր արտահայտել նշելով, որ «մենք՝ որպես եվրոպացիներ, մասնավորապես՝ նրանք, ովքեր ավելի փոքր ազգի ներկայացուցիչներ են, ունեն պարտավորվածություն անելու այնպես, որ մյուսները տեղյակ լինեն մեր եվրոպական պատկանելիության եւ ինքնության մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դեսպան Սվիտալսկին: 

Նրա խոսքով՝ երիտասարդին չէր գոհացրել այն, որ Բրյուսելում անցկացվող միջոցառման ժամանակ Հայաստանն այդքան էլ տեսանելի չէր:

Համազգային էսսեների մրցույթը հայտարարվել էր այս ամառ՝ նպատակ ունենալով բացահայտել Եվրոպական միություն – Հայաստան հարաբերությունների շուրջ հայ երիտասարդների տեսլականը, ինչպես նաև Եվրոպական միության և հայ երիտասարդների միջև համագործակցության հնարավոր եզրերը գլոբալ մարտահրավերների լուծումներ գտնելու գործում: Էսսեների մրցույթի գնահատող ժյուրիի կազմում էին ներգրավված Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության, «Եվրոպական երիտասարդ դեսպանների», «Հայաստանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի», «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ի և «Հայաստանի մարզերում Եվրաակումբներ» ծրագրի ներկայացուցիչները:

Եվրաակումբներ ծրագրի հիմնական նպատակն է կրթել ու տեղեկացնել Հայաստանի երիտասարդներին ԵՄ կառույցների և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին: Այս պահին Եվրաակումբներ գործում են Հայաստանի բոլոր մարզերում՝ Գորիսում, Եղեգնաձորում, Երևանում, Դիլիջանում, Արմավիրում, Գավառում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում և Աշտարակում:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am