Ադրբեջանում անցկացվելու են հանրային լսումներ քաղբանտարկյալների խնդիրներին առնչվող թեմայով

Armenpress 13:57, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության կենտրոնը կազմակերպել է «Մեհման Ալիևի ազատ արձակումը և Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրները» թեմայով հանրային լսումներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Հանդիպումը սեպտեմբերի 14-ին տեղի է ունենալու Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կենտրոնական գրասենյակում:

Կենտրոնի տարածած հայտարարության համաձայն` հանդիպումը բաց է, և դրան մասնակցելու են բոլոր նրանք, ովքեր անհանգստացած են Ադրբեջանում խոսքի ազատության և քաղբանտարկյալների ներկայիս իրավիճակով:

Հանդիպմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի միակ ընդդիմադիր լրատվամիջոցը համարվող «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը, ով օրեր առաջ է ազատ արձակվել:

Ադրբեջանական անկախ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի գործով սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ նրա նկատմամբ կալանավորումը որպես պատիժ վերացվել է՝ փոխարինվելով ազատ արձակմամբ:

«Թուրան»-ի տնօրենը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրեն ազատելու հարցով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով փոխել իր նկատմամբ կիրառված պատժի միջոցը:

Մեհման Ալիևը կալանավորվել էր օգոստոսի 28-ին՝ հարկային խնդիրներ ունենալու պատրվակով: 

«Թուրան»-ից հայտնել էին, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են խոչընդոտելու «Թուրանի» գործունեությունը:

Մեհման Ալիևին սպառնում էր 7 տարվա ազատազրկում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am