1000х90.jpg (78 KB)

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Մինսկի 950-ամյակին նվիրված միջոցառումներին

Armenpress 13:18, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկի քաղգործկոմի նախագահ Անդրեյ Շորեցի հրավերով  սեպտեմբերի 8-ից 10-ն այցելել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք՝ մասնակցելու Մինսկի հիմնադրման 950-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակում երևանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Մինսկ քաղաքի ղեկավարության հետ: Քաղաքի օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բարեմաղթանքները փոխանցելով գործընկերներին, Դավիթ Օհանյանն ընդգծել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ խորացնելու Մինսկի հետ առկա համագործակցությունը:

Անդրեյ Շորեցն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների, ինչպես նաև հրավերն ընդունելու և տոնակատարություններին մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:

Մինսկի 950-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի պատվիրակությունը մասնակցել է «Մինսկ՝ հերոս քաղաք» հուշարձանի ծաղկադրման արարողությանը: Պատվիրակությունը մասնակցել է նաև Մինսկի օրվա առթիվ կազմակերպված տոնական այլ միջոցառումներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am