Բիլիարդանոցում պատանդառուին վնասազերծելիս ոստիկանության գործողությունների իրավաչափությունը քննելու նպատակով հարուցվել է քրգործ

Armenpress 12:24, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդի ակումբների մեկում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած անձին վնասազերծելու ընթացքում ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը քննելու նպատակով Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:

«Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սեպտեմբերի 9-ին հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով և զենքի գործադրման սպառնալիքով պատանդ վերցրած անձին վնասազերծելիս ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը կքննվի այս գործի շրջանակներում: Քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար: Իսկ պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կշարունակվի քննվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում»,- նշված է հաղորդագրությունում:

Օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդի ակումբների մեկում 1986 թվականին ծնված Գոռ Հակոբյանը երիտասարդ աղջկան պատանդ էր վերցրել:

Ոստիկանությունը փորձել է տղամարդու հետ բանակցությունների միջոցով հարթել իրավիճակը, սակայն, համոզվելով, որ բանակցություններն արդյունք չեն տալիս, դիմել է դիպուկահարի միջոցով նրան վնասազերծելու գործողության:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am