Մեզ հաջողվեց ամուր հիմքերի վրա դնել ժողովրդավարական կառավարման սկզբունքները. Սերժ Սարգսյան

Armenpress 10:38, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին ուղերձ է հղել Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի առթիվ՝ մաղթելով նստաշրջանի աշխատանքներին արդյունավետ ընթացք և օգտակար քննարկումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Բորիս Մինցի ինստիտուտի խորհրդի հարգելի՛ անդամներ, Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հարգելի՛ անդամներ, Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ, Ողջունում եմ «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած հայաստանյան նստաշրջանի անցկացումը: Կարևոր և արդիական եմ համարում այս միջոցառումը Հայ-ռուսական համալսարանում, որն այս տարի տոնում է հիմնադրման 20-ամյակը և տարիների ձեռքբերումներով հաստատուն տեղ է գրավել մեր երկրի գիտակրթական կյանքում: Անկախության տարիների փորձով Հայաստանը, անկասկած, հետաքրքրություն է ներկայացնում քաղաքագիտության և տնտեսագիտության ժամանակակից տեսաբանների համար: Հայաստանն առաջինն էր հետխորհրդային երկրներից, որ իրականացրեց գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականաշնորհումը, էներգետիկ համակարգի վերափոխումը և արդիականացումը, ենթակառուցվածքների համապատասխանեցումը շուկայական տնտեսության կանոններին: Բարդ աշխարհաքաղաքական, արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում մեզ հաջողվեց ամուր հիմքերի վրա դնել ժողովրդավարական կառավարման սկզբունքները, ստեղծել քաղաքացիական հասարակության և ազատական տնտեսության հիմքերը: Նշված բոլոր բնագավառներում մենք հարուստ փորձ ենք կուտակել և պատրաստ ենք փոխանցելու մեր ձեռքբերումներն ու դասերը: Սահմանադրության առումով այժմ մենք գտնվում ենք նոր որակի անցումային շրջանում՝ մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը, վստահ եմ, կապահովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական անշրջելի զարգացումը: Երկրի տնտեսությունը նույնպես կանգնած է նոր մարտահրավերների առջև: Այժմ միջազգային գործարար լայն շրջանակներին մեր տնտեսության զարգացման ծրագրերի մեջ ընդգրկելու նոր փուլի շեմին ենք: Հիմնվելով առաջադեմ օրենսդրության և միջազգային ամենաարդյունավետ փորձի վրա՝ լիահույս ենք, որ կկարողանանք ստեղծել օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ գործիքակազմ, վստահելի տնտեսական համակարգ և արտահանման հնարավորություններ: Անցումային փուլի հաղթահարմանն առնչվող այս հարցերի և Հայաստանի դասերի ու հնարավորությունների քննարկմամբ, հուսով եմ, դուք ապագայում հանդես կգաք նոր և շահավետ լուծումներով ու մոտեցումներով, որոնք շահեկան կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ նույն խնդիրներին բախվող այլ երկրների համար»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am