ՀՀ-ն գործընկերների համար ԵԱՏՄ մտնելու հարթակ է. ՀՀ վարչապետ

Armenpress 17:59, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը չի տեսնում այլ շուկաներ, որտեղ Հայաստանը կորցրել է ինչ-որ բան՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ: ՀՀ վարչապետն այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին: Ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որտեղ մենք ինչ-որ բան՝ կորցրել ենք ԵԱՏՄ անդամ լինելով: Եթե կարող եք հուշել, խնդրեմ: Մենք հինգ երկրների ակումբի անդամ ենք, որտեղ պայմանավորվում ենք որոշակի կանոններով ներքին դաշտում աշխատել: Ես չգիտեմ շուկաներ, որոնց նկատմամբ մենք պակաս ուշադիր ենք՝ ելնելով մեր այսօրվա ներուժից եւ այնտեղ ջանք չենք կիրառում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Նա հավելեց,՝ Երբ իրենց  գործընկերներին Հայաստան են հրավիրում,  ասում են, որ իրենց համար Հայաստանը ոչ թե 3 միլիոնանոց շուկա է, այլ հարթակ ԵԱՏՄ մտնելու համար, եթե հետաքրքրությունները ԵԱՏՄ-ում են, ԵՄ մտնելու համար՝ GSP+-ից օգտվելով, կամ ազատ տնտեսական գոտու միջոցով Իրան մտնելու համար: «Եթե մենք կարողանում ենք կապիտալի, սեփականության անվտանգությունը, բիզնես անելու հնարավորությունը ընդլայնել, բոլոր այս հարթակները մեզ համար լրացուցիչ դրական հանգամանք են»,- եզրափակեց վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am