1000х90.jpg (78 KB)

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում կքննարկվի Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու հարցը

Armenpress 16:12, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում կքննարկվի վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու հարցը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Հոկտեմբերի 9-ին մեկնարկում է  ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որտեղ նաև քննարկվելու է Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու հարցը: Ի տարբերություն նախորդ նստաշրջանի, երբ քննարկվում էր որևէ հատուկ բանաձև, բոլոր պատվիրակները կարողանում էին հերթագրվել ու ելույթ ունենալ, այս անգամ հնարավորություն է տրված ելույթ ունենալ անվստահության բանաձևի հեղինակին՝ նորվեգացի պատգամավորին՝ Ինգրիդ Սկոյին, այնուհետև քաղաքական 5 խմբերի ղեկավարներին: Դրանից հետո նոր, եթե Պեդրո Ագրամունտն այնտեղ կլինի ու ցանկություն կունենա իր դիրքորոշումը ներկայացնելու, ձայն կտրվի: Այս գործընթացին անմիջապես կհաջորդի բաց քվեարկությունը, որտեղ պարզ կլինի, թե ով ինչպես է քվեարկում: Քվորում ապահովելու  համար պահանջվում է 102 ձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի   2/3-ը  պետք է կողմ քվեարկի անվստահություն հայտնելուն: Երբ անվստահություն կհայտնեն Ագրամունտին, նրա պարտականությունների անցումը կվերապահվի տարիքով ավագ փոխնախագահին: Իսկ ԵԽԽՎ նոր նախագահը կընտրվի հունվարյան նստաշրջանին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Հովհաննիսյանը լուրջ մտավախություն չունի, որ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու հարցը կարող է տապալվել, բայց միևնույն ժամանակ նկատեց, թե որևէ բան չի կարող բացառել: Նրա գնահատմամբ՝ Պեդրո Ագրամունտն արդեն իսկ բոլորին  ցույց է տվել, որ ինքը բացարձակապես չի  հարգում որևէ արժեք, այդ թվում իր խմբակցությանը՝ ԵԺԿ-ին: Սակայն Հովհաննիսյանը, չի կարծում, թե  Պեդրո Ագրամունտը համակերպվել է ներկայիս վիճակի հետ և չի փորձելու այլ քայլեր անել: «Այն, որ Եվրոպայի խորհուրդն՝ իր պատվիրակությունների մեծամասնությամբ, ունի  հստակ կամք և ցուցաբերելու է իր կամքը, դրանում վստահ եմ»,- շարունակեց Արփինե Հովհաննիսյանը: Արփինե Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ   իրավական հարցերի հանձնաժողովում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալը քննարկումների առիթ է դարձել: Նրա խոսքով՝ նույն պատկերն է նաև մոնիտորինգի հանձնաժողովում, քանի որ այնտեղ էլ որոշել են համապատասխան հետաքննություն իրականացնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am