Հայաստան-ԵՄ համագործակցության պայմանագրի ստորագրումը շատ հավանական է. Իսկանդարյան 

Armenpress 14:58, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-ԵՄ համագործակցության պայմանագրի ստորագրման հարցում քաղաքական խոչընդոտներ չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և հավելեց, որ ստորագրման հավանականությունը շատ մեծ է։  «Այս պահի դրությամբ ես լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում Հայաստան-ԵՄ համագործակցության պայմանագրի ստորագրման հարցում։ Եվրամիության հետ համաձայնություն կա, հայկական կողմից էլ, կարծես թե, ամեն ինչ նորմալ է։ Մինչև նոյեմբեր երկու ամիս է մնացել, բայց քաղաքական խոչընդոտներ չկան, և ես կարծում եմ, որ ստորագրման հավանականությունը շատ մեծ է»,- ասաց Իսկանդարյանը և հավելեց, որ խանգարող հանգամանքներ չկան։  Նրա խոսքով՝  պայմանագրի ստորագրման ներքաղաքական նշանակությունը շատ կարևոր է, և այն ընդունվում է որպես չափազանց կարևոր նշան։  «Եթե խոսենք ներքաղաքական կողմերի մասին, ապա սա այն պայմանագիրն է, որը կարգավորելու է ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Այս պայմանագրի նշանակությունը պետք չէ գերագնահատել։ Սա կլինի քայլ դեպի ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը»,- նշեց Իսկանդարյանը։  Քաղաքագետն ընդգծեց, որ պայմանագիրն արդեն իսկ պատրաստ է և համաձայնեցված։  ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արևելյան գործընկերության՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am