Վահան Մարտիրոսյանը Սեուլում հանդիպել է «Samsung» ընկերության հայազգի աշխատակիցներին

Armenpress 11:29, 5 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայում սեպտեմբերի 4-6-ն անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով Սեուլ կատարած այցի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Սեուլի հայ համայնքի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, հանդիպում է տեղի ունեցել «Samsung» ընկերությունում աշխատող հայազգի երիտասարդ մասնագետների հետ, որոնց թվում կա նաև Կորեայի համալսարանի տրանսպորտային անվտանգության ֆակուլտետի ուսանող: 

Երիտասարդ մասնագետները նախարարին պատմել են ընկերությունում իրենց առաջխաղացման ու հաջողությունների մասին: Վահան Մարտիրոսյանը նշել է, որ պատրաստ է աջակցել, եթե երիտասարդները ցանկություն ունենան ծրագրեր իրականացնել Հայաստանում կամ նախաձեռնել ՏՏ կորպորացիաների` հետազոտական կենտրոնների կամ արտադրության հիմնում մեր երկրում:

Երկկողմ հանդիպմանը ներկայացվել են նաև ՏՏ ոլորտում նախարարության լիազորությունների շրջանակը, նախագծերին աջակցության մեխանիզմները:

Հանդիպման մասնակիցները խոսել են հարավկորեական ՏՏ ոլորտի զարգացումների մասին, ներկայացրել տրանսպորտի կառավարման էլեկտրոնային համակարգերի յուրահատկությունները: 

Վահան Մարտիրոսյանը հայ մասնագետներին առաջարկել է համագործակցել Հայաստանի քաղաքներում տրանսպորտային հոսքի մոնիտորինգի համակարգի մշակման նախագծի շրջանակներում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am