Ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Ռումինիային

Armenpress 00:38, 2 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում պարտվեց Ռումինիային (1:0):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուխարեստի «Arena National» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին Հենրիխ Մխիթարյանի հրաշալի փոխանցումից հետո գոլի հեղինակ կարող էր դառնալ Տիգրան Բարսեղյանը: Առաջին խաղակեսում երկու թիմերը բազմաթիվ հնարավորություններ ունեին բացելու խաղի հաշիվը, սակայն հավաքականները ընդմիջման գնացին 0:0 հաշվով:

Երկրորդ կեսում սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար կարմիր քարտը ստացավ Տարոն Ոսկանյանը: Նշանակված 11 մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել Բոգդան Ստանկուն՝ գերազանց ցատկով հարվածը հետ մղեց Գրիգոր Մելիքսեթյանը: Հայաստանի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստներով: Ռումինացիները օգտվեցին քանակական առավելությունից և սկսեցին տիրել իրավիճակին: Խաղակեսի վերջնամասում Մելիքսեթյանի դարպասը կարողացավ գրավել Մաքսիմը: 

Հայաստանի ընտրանին աշխարհի առաջնության ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 4-ին: Երևանում Արթուր Պետրոսյանի սաները կհյուրընկալեն Դանիայի թիմին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am