Կես դարից ավելի՝ ժուռնալիստիկայում. լրացավ լրագրող Լևոն Ազրոյանի ծննդյան 80- ամյակը   

Armenpress 12:06, 1 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրացավ  «Արմենպրես» լրատվական գործակալության երիցագույն  թղթակից Լևոն Ազրոյանի ծննդյան 80-ամյակը։ «Արմենպրես»-ի աշխատակազմը սրտանց շնորհավորում է իր ավագ գործընկերոջը  հոբելյանի առթիվ, ցանկանում նրան քաջառողջություն և նորանոր հաջողություններ։

Այդ առթիվ ներկայացնում ենք գործակալության թղթակից  Շանթ Խլղաթյանի հարցազրույցն իր ավագ գործընկերոջ հետ։           

 -Պարոն Ազրոյան,երբվանի՞ց եք ժուռնալիստիկայի ոլորտում։

-1964 թվականի դեկտեմբերի մեկից։ Հենց այդ օրը Թբիլիսիում լույս տեսնող «Սովետական Վրաստան» թերթի խմբագիր Հակոբ Բլրցյանն ինձ աշխատանքի ընդունեց իր խմբագրած թերթում։ Այսօրվա պես հիշում եմ այդ օրը։ Հորս հետ էի գնացել խմբագրություն։ Բնական է, որ հենց նա էլ առաջինը շնորհավորեց ինձ, շեշտեց, որ ես մուտք եմ գործում մի բնագավառ, որտեղ իրեն լավ են ճանաչում, որ պիտի աշխատեմ անմնացորդ նվիրումով, լինեմ ազնիվ և անաչառ։ Բավականին պարտավորեցնող խոսքեր…                       

 -Ե՞րբ զգացիք, որ լրագրող եք դարձել։

-Երևի, մանկուց դատապարտված էի ժուռնալիստ դառնալու, քանզի ծնվել եմ ճանաչված գրող և հրապարակախոս, «Պրոլետար» («Սովետական Վրաստան») թերթի երկարամյա աշխատակից Կորյուն Ազրոյանի ընտանիքում։ Հա, չմոռանամ ասել, որ մեծացել եմ նախկին «Հայարտան» շենքում, որտեղ ապրում էին նաև գրող Բենիկ Սեյրանյանը, հայկական թատրոնի տնօրեն Վաղարշակ Էլիբեկյանը, այդ  թատրոնի երկու դերասանուհի, մեկ նկարիչ։ Հասկանալի է, որ մեր շենքում մթնոլորտը «մշակութային» էր։ Չնայած մանկուց երազում էի զինվորական բժիշկ դառնալ, բայց անսալով հորս հորդորներին, ընտրեցի ժուռնալիստիկան։             

-Ովքե՞ր էին ձեր առաջին ուսուցիչները։

-Գլխավոր ուսուցիչս եղել է հայրս, ով իմ բոլոր «լուրջ» նյութերի առաջին ընթերցողն ու գնահատողն էր։ Իհարկե, նաև Բենիկ Սեյրանյանը, ով «Սովետական Վրաստան» թերթի մշակույթի բաժնի վարիչն էր՝ հենց այն բաժնի, որի գրական աշխատողը դարձա ես։               

 -Ի՞նչ ասել է «լուրջ նյութեր», ի՞նչ է, թերթում «անլուրջ» նյութեր էլ էին լինում։                  

-Ամենևին։ «Լուրջ նյութ» ասելով՝ ի նկատի ունեի ոչ թե այն կարճ լուրերն ու ինֆորմացիաները, որ ունենում էի թերթի գրեթե ամեն համարում, այլ այն նյութերը, որոնց վրա քրտնաջան աշխատանք էի կատարում։ Օրինակ, իմ ամենաառաջին «լուրջ» նյութը «Զինվորի հայրը» ֆիլմի մասին գրախոսականն էր, որն, ըստ էության, առաջին գրավոր խոսքն էր այդ, հիրավի, հանճարեղ ֆիլմի մասին։ Այո, հենց այդպես՝ հանճարեղ։

Մի օր Հակոբ Բլրցյանը, վերադառնալով կուսակցության Կենտկոմից, Բենիկ Սեյրանյանին հանձնարարեց մի գրախոսական պատրաստել «Զինվորի հայրը» ֆիլմի մասին, որի ցուցադրությունն սկսվում էր հենց այդ օրը։ Բենիկ Սեյրանյանն այդ պատասխանատու գործը հանձնարարեց ինձ՝ սկսնակ լրագրողիս։ Հանձնարարությունը ստանալուն պես թռա Ռուսթավելու անվան կինոթատրոն, որտեղ ցուցադրվում էր այդ ֆիլմը։ Երկու սեանս անընդմեջ ֆիլմը դիտելուց հետո շտապեցի խմբագրություն, և … 1965 թվականի փետրվարի 4-ին մեր  թերթում լույս տեսավ իմ նյութը։ Հուրախություն ինձ, այդ նյութի համար ես արժանացա դրվատանքի, և Բենիկ Սեյրանյանը սկսեց ինձ ավելի շատ հանձնարարություններ տալ։ Այդպես ստորագրությունս սկսեց հաճախակի երևալ թերթի էջերում։ Ինձ բախտ է վիճակվել գրախոսելու Թբիլիսիի Ստ. Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում բեմադրված «Ես տեսնում եմ արևը» պիեսը։ Պրեմիերայի օրը ես ծանոթացա այդ պիեսի հեղինակ Նոդար Դումբաձեի ու նաև բեմադրող ռեժիսոր Գիգլա Լորդքիփանիձեի հետ։ Կարծում եմ, այդ ներկայացումը հայ-վրացական  մշակութային կապերի, երկու ժողովուրդների արվեստագետների համագործակցության լավագույն դրսևորումներից էր։                   

 -Ձեր ժուռնալիստական գործունեության ընթացքում ի՞նչ հայտնի մարդկանց եք հանդիպել, զրուցել։ 

-Դժվար թե բոլորին հիշեմ, նրանք մի քանի տասնյակ են։ Ասեմ, որ որպես «Արմենպրես»-ի թղթակից  մշտապես առնչվել եմ Հայաստանի այդ ժամանակվա, թերևս, բոլոր ղեկավարների՝ Անտոն Քոչինյանի, Կարեն Դեմիրճյանի, Բադալ Մուրադյանի, Ֆադեյ Սարգսյանի և այլոց հետ, քանզի մեկուկես տասնամյակից ավելի բախտ եմ ունեցել լուսաբանելու Հայաստանում տեղի ունեցող գրեթե բոլոր կարևոր հասարակական-քաղաքական,  մշակութային իրադարձությունները։ Լուսաբանել եմ Լեոնիդ Բրեժնևի ու Ալեքսեյ Կոսիգինի, Անդրեյ Գրոմիկոյի, Միխայիլ Գորբաչովի, Բորիս Ելցինի, Եվգենի Պրիմակովի, Անդրեյ Սախարովի և էլի շատ նշանավոր անձանց այցերը Հայաստան։ ։ Հանդիպել և մտերմիկ զրույցներ եմ ունեցել Անաստաս Միկոյանի ու Հովհաննես Բաղրամյանի, Արամ Խաչատրյանի ու Մարտիրոս Սարյանի, Վիկտոր Համբարձումյանի  ու Լևոն Խաչիկյանի, Էդուարդ Միրզոյանի (տարիներ շարունակ) ու Առնո Բաբաջանյանի,Միխայիլ Ուլյանովի ու Կիրիլ Լավրովի, Ալեքսեյ Հեքիմյանի ու Միքայել Թարիվերդիևի, Գուրգեն Ջանիբեկյանի ու Ավետ Ավետիսյանի, Բաբկեն Ներսիսյանի ու  Մհեր Մկրտչյանի, Լուսին Ամարայի ու Լիլի Չուգասզյանի, Տիգրան Պետրոսյանի ու Խորհրդային Միության առաջին հայազգի հերոս Կարապետ Սիմոնյանի, բասկետբոլիստ Օթար Քորքիայի, օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանի ու Ռաֆայել Չմշկյանի, Ալբերտ Ազարյանի, Նորայր Նուրիկյանի, Իգոր Նովիկովի և այլոց հետ (ներեցեք, ցուցակը երկար ստացվեց)։

Բավականին ջերմ հարաբերություններ եմ ունեցել Էդուարդ Շևարդնաձեի հետ. նա է եղել իմ ծննդյան քսանամյակի տոնակատարության թամադան, որ նշեցինք Կուստանայի մարզի Օզերնայա ավանի խորհրդային տնտեսություններից մեկի ցորենի արտերում՝ հենց կոմբայնի ստվերում։ Բացի այդ, առիթ եմ ունեցել ծանոթ լինելու Վրաստանի ղեկավարներ Վասիլի Մժավանաձեի, Ջումբեր Պատիաշվիլու, Զուրաբ Ժվանիայի, Զվիադ Գամսախուրդիայի հետ։ Վերջինիս հետ ծանոթ եմ եղել մանկուց, քանզի երկուսս էլ ապրել ենք նույն թաղում՝ Սոլոլակում։ Կասեմ ավելին, երբ նա՝ արդեն Վրաստանի վտարանդի նախագահի դերում ժամանակավոր ապաստան էր գտել  Իջևանի  հանգստյան տներից մեկում, երեք թե չորս օր, ոչ մի լրագրողի չէր ընդունում։ Ես առաջինն էի, ում նա համաձայնեց ընդունել։ Երևի,  շնորհիվ այն բանի, որ այդ դեպքերից մոտ երկու ամիս առաջ, երբ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնական այցով գտնվում էր Թբիլիսիում, ես, որպես «Արմենպրես»-ի թղթակից, լուսաբանում էի նրա այցը, հանդիպել էի Զվիադ Գամսախուրդիային, և մենք վերհիշել էինք մեր մանկության օրերը։

 

 -Որքան հասկացա, դուք երբևէ ձեր կապերը չեք խզել Վրաստանի հետ։ 

 -Ինչպե՞ս կարող էի խզել կապերս մի երկրի հետ, որտեղ ծնվել և մեծացել եմ, որտեղ կրթություն եմ ստացել, ուր հանգչում են ծնողներս, որտեղ ունեմ բազմաթիվ ընկերներ՝ Գիվի Շահնազարը, Զուրաբ Լոմիձեն, Բիճիկո Ամաղլոբելին, Ռուդիկ Հաղպատելովը և, վերջապես, «Վրաստան» թերթը։ Հպարտությամբ եմ ասում, որ չորս-հինգ տարի եղել եմ «Վրացինֆորմ»-ի սեփական թղթակիցը Հայաստանում։ Երևանում ապրելու տարիներիս միշտ ստացել եմ «Սովետական Վրաստան», «Մոլոդյոժ Գրուզիի» և մարզական «Լելո» թերթերը։ Եթե նկատեցիք, բաժանորդագրվում էի հայերեն, ռուսերեն և վրացերեն թերթերի։ Այդ պարբերականների միջոցով ես քաջատեղյակ էի իմ ծննդավայրում տեղի ունեցող բազմազան և բազմաբնույթ իրադարձություններին, այդ թվում նաև՝ մարզական։                 

 Ես միշտ էլ արձագանքել եմ վրաց իրականության մեջ տեղի ունեցող հիշարժան երևույթներին՝ օրինակ, Շոթա Ռուսթավելու ծննդյան 850-ամյակին, այդ առնչությամբ հրապարակել եմ հարցազրույց Իրակլի Աբաշիձեի հետ, պատրաստել եմ «Ռուսթավելին և հայ իրականությունը» ծավալուն հոդվածը։ Հեղինակել եմ «Նիկոլոզ Բարաթաշվիլին և հայ իրականությունը», «Գաբրիել Սունդուկյանը և վրաց իրականությունը», «… Ու խոսեց Թումանյանը վրացերեն»՝  նվիրված Իոսեբ Գրիշաշվիլու ծննդյան 90-ամյակին։ Վերը նշված հոդվածներս ամփոփված են իմ առաջին գրքում, որտեղ կա «Հայ-վրացական առնչություններ» խորագիրը կրող առանձին մի գլուխ։ Ասեմ, որ հայ-վրացական կապերի մասին է նաև իմ ծավալուն հարցազրույցը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ, որը կրում է «Հեռավոր ժամանակներից է գալիս մեր եղբայրությունը» վերնագիրը։ Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինի հետ այդ հարցազրույցն ես ունեցել եմ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթի խնդրանքով։ Չմոռանամ ասել, որ վրաց մեծ բասկետբոլիստ Օթար Քորքիայի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Հայկական առաջին հեռուստաալիքով ցուցադրվել է իմ հեղինակած հեռուստաակնարկը նրա մասին։                         

 -Իսկ ի՞ևչ հիշարժան միջոցառումներ եք լուսաբանել։     

 -Դրանք քիչ չեն։ Այսօր դժվար թե բոլորը հիշեմ։ Օրինակ, երկու անգամ եղել եմ Բայկալ-ամուրյան մայրուղում (ԲԱՄ)։ Այն տարիներին այդ կառույցը համարվում էր համաժողովրդական, և յուրաքանչյուր լրագրող իր պատվի գործն էր համարում գոնե մեկ անգամ ռեպորտաժ գրել այդ հարվածային կառույցից։ Պարբերաբար լուսաբանել եմ Արփա-Սևան թունելի, Երևանի մետրոպոլիտենի շինարարական աշխատանքները,  Հայաստանի ուսանողական ջոկատների հայրենանվեր գործունեությունը Խորհրդային Միության տարբեր քաղաքներում։

Երևի, ներկա սերունդը քիչ բան գիտի այն մասին, թե ինչ ասել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության համագումար։ Ես միակ հայազգի ժուռնալիստն եմ, ով ՏԱՍՍ-ի բրիգադի կազմում լուսաբանել է ԽՄԿԿ 27-րդ համագումարի աշխատանքները։ Ինձ է բախտ վիճակվել լուսաբանելու Խորհրդային Միության վերջին պառլամենտի՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի ու նստաշրջանների գործունեությունը։ Չմոռանամ հիշատակել, որ դժբախտություն եմ ունեցել լուսաբանելու Սումգայիթի ջարդերի մի խումբ մասնակից-ստահակների դատավարություն կոչված ֆարսը, որը գորբաչովյան համակարգը կազմակերպել էր Մոսկվայում՝ ԽՍՀՄ Գերագույն կոչված դատարանում։          

 -Դուք ասացիք, որ հրապարակված գիրք ունեք։ Եթե դժվար չի, մի քանի խոսքով անդրադարձեք դրան։           

 -Նախ՝ ասեմ, որ ես, թեև տասը գրքի հեղինակ եմ, ինձ երբեք գրող չեմ համարել։ Ես լրագրող եմ, արմենպրեսական։ Ես գրքերի հեղինակ եմ դարձել պատահաբար։ Մի անգամ տղաներով հավաքվել էինք  սեղանի շուրջը և մեզանից յուրաքանչյուրն իր ժուռնալիստական կյանքից հետաքրքիր դրվագներ էր պատմում։ Ընկերներիցս մեկը՝ Կիմ Ղալաչյանը, խորհուրդ տվեց պատմածներս գրի առնել։ Սկսեցի գրի առնել։ Մի օր էլ իմ վաղեմի բարեկամներից մեկը՝ Մեխակ Տեր-Սարգսյանը, ով «Ոսկան Երևանցի» հրատարակչության հիմնադիրն ու սեփականատերն էր, առաջարկեց տպագրել իմ գրի առածը՝ խոստանալով անել այդ անվճար։ Եվ 2008 թվականին լույս տեսավ իմ գրական երախայրիքը՝ «Ժամանակի հետահայաց ուղիներում» ծավալուն ժողովածուն։ Այդ գրքի մասին բանասիրական գիտությունների դոկտոր Վաչագան Գրիգորյանը «Հայաստանի Հանրապետութիւն» թերթում տպագրեց «Հիշողությունները անցյալ չեն դառնում» վերտառությամբ գրախոսությունը, որը, պետք է խոստովանեմ, ինձ շատ ոգևորեց, և ես իրար ետևից տասը գիրք գրեցի։ 2009 թվականին ի կատար ածվեց իմ մանկության «բյուրեղյա» երազանքը։ Ես եղա իմ նախնիների օրրանում՝ Արևմտյան  Հայաստանում՝ Մուշում։ Իհարկե՝ նաև Վանում, Կարսում, Անիում, Կիլիկիայում։ Այդ ուխտագնացության արդյունքում ես  գրեցի իմ երկրորդ գիրքը՝ «Չորս հազար կիլոմետր Էրգրի տարածքով»։ Չեք հավատա, այդ գիրքը ես գրեցի… երեք օրում։ Հաջորդ տարում ես հեղինակեցի երկու գիրք՝ «Մարդիկ, իրադարձություններ, ճակատագրեր» և «Особо опасен для Рейха»։ Այս վերջինը նվիրված էր Հայրենական պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակի 65-ամյակին։ Հաջորդ տարում՝ 2011 թվականին, այդ գիրքը որոշ լրացումներով վերահրատարակվեց։ Այդ տարի ես երկրորդ անգամ մեկնեցի Արևմտյան Հայաստան և կրկին մի գիրք գրեցի՝ «Կարոտը կրկին տարավ Էրգիր…»:

           

 2012 թվականին ես կատարեցի  որդիական պարտքս իմ ծննդավայր Թբիլիսիի հանդեպ և գրեցի « Тбилиси-город моего детства и юности» գիրքը։                      

Ես բախտ եմ ունեցել անձամբ ճանաչելու, ավելին՝ ընկերություն անելու Ղարաբաղյան պատերազմում հերոսաբար կռված հայ օդաչուներից շատերի հետ, ուստի չէի կարող անտարբեր մնալ նրանց հերոսական կյանքի, հայ ժողովրդի համար ծանր փորձության տարիներին նրանց  գործած աննախադեպ սխրանքների նկատմամբ։ Եվ ես գրեցի  «Արծվաբույնը, որ հանիրավի ավերվեց» և «Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի կամ Կրկին ավերված Արծվաբույնի մասին» գրքերը։

               

Ես միշտ էլ թուլություն եմ ունեցել զինվորական թեմատիկայի նկատմամբ։ Քանի որ 2015 թվականը Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձի տարին էր, ես հրապարակեցի «Они ковали Победу» գիրքը, որտեղ ամփոփված են Հայրենական պատերազմի մի խումբ մասնակիցների մասին ակնարկներս։ Ունեմ ևս տպագրության սպասող երեք գիրք։ Ներկայումս գրում եմ «Արմենպրես»-ի 100-ամյակին նվիրված գիրքը։ Այսքանը՝ իմ «գրողական» կյանքի մասին…                

-Դուք կես դարից ավելի ժուռնալիստիկայի ոլորտում  եք։ Ի՞նչ հիշարժան դիպվածներ եք հիշում։                 

-Մեկ-երկու դեպք կարող եմ առանձնացնել։ Բերեմ մի դեպք այն օրերից, երբ լուսաբանում էի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի աշխատանքները։ Ինձ խիստ անհրաժեշտ էր իմանալ  լենինգրադցի պրոֆեսոր Անատոլի Սոբչակի կարծիքը Ղարաբաղյան հիմնահարցի լուծման հնարավորության մասին։ Այդ պատգամավորը, ով արդեն իսկ մեծ հեղինակություն էր վայելում հոգևարք ապրող Խորհրդային Միությունում, անորսալի էր շարքային լրագրողների համար։ Իրոք, նշանավոր լրագրողները նրան հանգիստ չէին տալիս, հատկապես՝ արտասահմանյան հանրահայտ հեռուստաալիքկների, գործակալությունների, թերթերի աշխատակիցները։ Բնական է, որ պարոն Սոբչակը Հայաստանից ինչ-որ թղթակցի հետ զրուցելու ժամանակ չէր գտնելու։ Իսկ այդ նյութն ինձ համար կարծես դարձել էր պատվի գործ։ Ես անգամ խնդրել էի Հայաստանից պատգամավոր ընտրված Գալինա Ստարովոյտովային, որպեսզի նա բարեխոսի։ Խոստացել էր…        

Սոբչակի և իմ համարները «Մոսկվա» հյուրանոցի նույն՝ 8-րդ հարկում էին։ Ես նրան հաճախ էի տեսնում բուֆետում, որտեղ նա համագումարի գնալուց առաջ սուրճ էր խմում։ Քանիցս փորձել եմ մոտենալ, բայց միշտ անհարմար եմ զգացել։ Մի անգամ ես և ընկերս՝ ՏԱՍՍ- ի թղթակից   Բորիս Շեստակովն իմ համարում աշխատում էինք հաջորդ օրը թողարկվելիք նյութի վրա։ Գիշերվա 12-ին մոտ ես ճանապարհեցի նրան ։ Հանկարծ վերելակից դուրս եկավ Անատոլի Սոբչակը, ով նույնպես ճանապարհում էր իր հյուրերին։ Ուրախությանս չափ չկար, երկուսս էլ մարզահագուստով էինք, ուրեմն կարելի է խախտել, այսպես կոչված, «պրոտոկոլը», ասել կուզի՝ էթիկան։ Բորյայից խնդրեցի նրա ձայնագրիչը և վերելակի մոտ սպասեցի մինչև Սոբչակը կճանապարհեր իր հյուրերին։ Հենց որ նա մտավ վերելակ, ես սեղմեցի 8-րդ հարկի կոճակը։ Սոբչակը զարմացած նայեց ինձ։ Երբ հասանք մեր հարկը, սեղմեցի «ստոպ» կոճակը։ Վերելակը կանգնեց։ Ես սեղմեցի 1-ին հարկ տանող կոճակը։ Իջանք ներքև։ Այդպես՝ երկու անգամ։ Այդ ընթացքում ես Սոբչակին ասում էի, որ ես «Արմենպրես»-ի թղթակիցն եմ և ուզում  եմ իմանալ նրա կարծիքը ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ։ Ի վերջո, լենինգրադցի պրոֆեսորը տեղի տվեց… Եվ մենք նրա համարում զրուցեցինք մինչև առավոտվա երեքը։ Առավոտյան ես այդ նյութը հեռախոսով հաղորդեցի Երևան՝ «Արմենպրես»…      

Եվ դարձյալ հիշարժան դեպքի մասին: Հիշարժան է հորս առաջին ապտակը, որով հպարտանում եմ, բայց այս մասին չեմ սիրում բարձրաձայնել։

-Ի՞նչու…              

 -Դե, եթե պատմեմ, պետք է որոշակի մարդկանց անուններ տամ։ Հենց դա չեմ ուզում։ Կասեմ միայն, որ բարի գործ էի արել, բայց արարքս հորս սխալ էին ներկայացրել։ Ասել էին, որ ես հանիրավի վիրավորել էի թերթի մի քանի հարգարժան աշխատակիցների։ Ես «վիրավորել էի» կոլեգիայի անդամներին։ Բայց, երբ հայրս իմացավ գործի իսկությունը, ընդ որում այն մարդուց, ում ես լավություն էի արել, նա երկրորդ անգամ ապտակեց ինձ, բայց այս անգամ՝ քնքշանքով։                                                     

Այդ դեպքից հետո ես իմ կամքով դարձա թերթի արտահաստիքային թղթակից և մոտ մեկ տարի անց տեղափոխվեցի Երևան։ Գնացքից իջնելուց երկու ժամ չանցած ես արդեն Հայաստանի Հեռագրական գործակալության՝ ՀՀԳ-ի (այսօրվա «Արմենպրես»-ի) աշխատակիցն էի։  Այստեղ էլ ծերացա…

Ահա այսքանը, բավական է գլուխ գովեմ…          

- Շնորհակալություն հարցազրույցի համար։ Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ հոբելյանի առթիվ և ցանկանալ քաջառողջություն, երկար բեղմնավոր ստեղծագործական կյանք։                                

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am