Միասին զինվենք նոր գիտելիքներով և դառնանք ավելի ուժեղ. Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Armenpress 09:09, 1 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 1-ին տրվում է ուսումնական տարվա մեկնարկը, և այդ պահից մեր ողջ երկիրը սկսում է ապրել նոր՝ առանձնահատուկ ռիթմով ու տեմպով: Այս օրը հատկապես բացառիկ է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անելու դեպի դպրոց և բացահայտելու են գիտելիքների նոր ու զարմանահրաշ աշխարհներ:  Գիտելիքի կարևորության գիտակցումն այսօր անվիճելիորեն առկա է թե՛ յուրաքանչյուր ընտանիքում և թե՛ ողջ հասարակության մեջ: Կարևոր եմ համարում, սակայն, Հայաստանի կրթական համակարգի կատարելագործմանն ուղղված բարեփոխումների և դրանց ընթացքի մասին լուրջ հասարակական քննարկումները, քանի որ ժամանակներն ու նրանց պահանջներն անընդհատ փոփոխվում են, իսկ մենք միշտ պետք է լինենք արդիական:  Մեր աշակերտների և ուսանողների հաջողությունները միջազգային մրցասպարեզներում, իհարկե, մեզ ոգևորում են և հուշում, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց մեզ համար ավելի կարևոր է կրթության համընդհանուր մակարդակի բարձրացումը: Անհրաժեշտ են դպրոցների և համալսարանների այնպիսի շրջանավարտներ, ովքեր մրցունակ կլինեն և իրենց տեղը կգտնեն կյանքում ու աշխատանքում: 

Մաղթում եմ, որ բոլորս միասին զինվենք նոր գիտելիքներով և դառնանք ավելի ուժեղ, քանի որ «գիտելիքը ուժ է»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am