1000х90.jpg (78 KB)

Շիրակ Թորոսյանը հայ-վրացական հարաբերությունների ավելի ջերմացման հեռանկար է տեսնում

Armenpress 13:06, 31 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս Վրաստանում ձևավորվել են այնպիսի քաղաքական ուժեր և գործիչներ, ովքեր գիտակցում են իրենց երկրում Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության կործանարար հատկանիշները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

«Ներկայումս Վրաստանում ձևավորվել են բավականին առողջ մտածող քաղաքական ուժեր և գործիչներ, ովքեր գիտակցում են, որ Թուրքիան և Ադրբեջանը, հսկայական գումարներ ներդնելով Վրաստանում, աստիճանաբար կարող են քաղաքական գործընթացների վրա նույնպես ազդեցություն ունենալ: Պատահական չէ, որ Վրաստանի իշխանությունը քայլեր է ձեռնարկում նվազեցնելու թուրքական ազդեցությունը իրենց երկրում»,- ասաց Թորոսյանը:

Ըստ Ազգային Ժողովի պատգամավորի` ներկա փուլում հայ-վրացական հարաբերությունների ջերմացումն ավելի տեսանելի է դարձել, որը թե հայկական կողմի ակտիվ աշխատանքի, թե վրացական կողմի ըմբռնողական դիրքորոշման շնորհիվ է:

Թորոսյանը չի կարծում, որ ինտեգրացիոն գործընթացները կարող են բացասական  ազդեցություն ունենալ հայ-վրացական հարաբերությունների վրա, քանի որ Հայաստանը և Վրաստանը տարածաշրջանում ունեն բավականին շատ ընդհանուր շահեր:

«Տարբեր ինտեգրացիոն համակարգեր, արտաքին քաղաքական կողմնորոշումներ և նախասիրություններ ունենալու պարագայում, միևնույն է, Հայաստանը և Վրաստանը ունեն համընդհանուր շահեր: Դա պանթուրքիզմի զսպումն է և դրա տարածման կանխարգելումը»,- ասաց Թորոսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am