Իսրայելի ՊՆ-ն Aeronautics ընկերությանն արգելել է 20 միլիոն դոլարի ԱԹՍ-ների մատակարարումն Ադրբեջանին

Armenpress 17:18, 29 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության նախարարությունը Aeronautics ընկերությանը ժամանակավոր արգելք է դրել ընկերության համար կարևոր հաճախորդներից մեկին 20 միլիոն դոլարի Orbitier K1 անօդաչու թռչող սարքերի մատակարարման վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իսրայելական Bizportal-ը` հղում կատարելով ընկերության բորսային կոմյունիկեում ընկերության տվյալներին:

Նշվում է, որ մատակարարումը պետք է իրականացվի 2017-2018թթ, իսկ 2016թ. այդ հաճախորդի գնումները կազմել են ընկերության եկամտի 20 տոկոսը, իսկ 2015թ.` 18 տոկոսը: Ընկերությունը չի հրապարակել, թե որ հաճախորդի մատակարարումն է արգելվել, սակայն նշվում է, որ խոսքը մի երկրի մասին է, որը Moody's-ի տվյալներով ունի Ba կրեդիտային վարկանիշ և որի հետ Իսրայելը սերտ տնտեսական կապեր ունի: Նշված է նաև, որ այդ երկրում առկա է Aeronautics-ի անօդաչուների պահեստամասերի գործարան:

Հոդվածագիրն ընդգծում է, որ Aeronautics-ի հաճախորդներից միայն Սերբիան և Ադրբեջանը ունեն Ba վարկանիշ, իսկ այդ երկրներից միայն Ադրբեջանում ընկերության գործարան կա:

Իսրայելական NEWSru.co.il կայքի խմբագրությունը մեկնաբանության համար դիմել է Իսրայելի պաշտպանության նախարարություն, սակայն պատասխան դեռ չի ստացել:

Մի քանի շաբաթ առաջ իսրայելական «Մաարիվ» թերթը գրել էր, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստուգում է տեղեկատվությունը, թե իսրայելական Aeronautics Defense Systems օպերատորները հրաժարվել են Ադրբեջանին մատակարարվող   նոր անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ցուցադրել հայկական դիրքերի վրա: Հրապարկման հեղինակը պնդում էր, որ համապատասխան բողոք է ներկայացվել Իսրայելի պաշտպանության նախարարություն: Aeronautics Defense Systems ընկերությունը հերքել էր բոլոր մեղադրանքները: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ անօդաչու թռչող սարքերի  նոր մատակարարման պայմանները քննարկելու համար ընկերության պատվիրակությունը ժամանել է Բաքու: Հրապարակման մեջ նշվում էր, որ ադրբեջանցի զինվորականները ցանկացել են, որպեսզի անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ցուցադրվեն իրական մարտական գործողությունների ժամանակ հայկական բանակի դեմ, սակայն մերժվել են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am