Ադրբեջանում զինամթերքի պահեստում որոտացած պայթյունի հետևանքով 6 մարդ վիրավորվել է

Armenpress 15:04, 27 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց մարդ է վիրավորվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասի զինամթերքի պահեստում որոտացած պայթյունի հետևանքով, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունում։

«Վեց մարդ թեթև բեկորային վնասվածքներ է ստացել։ Նրանց տեղափոխել են Սիյազանի աշխտորոշիչ կենտրոն»,- ասել են նախարարությունում՝ չհստակեցնելով, թե վիրավորները զինվորական են, թե քաղաքացիական անձինք։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ պայթյունի հետևանքով դես ու դեն թռած արկերը կպել են մոտ գտնվող տներին։

«Արկերի կպնելու արդյունքում Խըզըի շրջանի Գիլյազի ավանի մի քանի բնակելի շենքերում հրդեհ է բռնկվել։ Հրշեջների բրիգադները պայքարում են կրակի դեմ», - հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով շրջանի իշխանություններին։

Ավելի վաղ տեղեկատվություն է տարածվել, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասի զինամթերքի պահեստում հրդեհի հետևանքով պայթյուն է որոտացել։ Հայտարարվել է պատահարի վայրին մոտ գտնվող Գիլյազի, Սլատչայ և այլ բնակավայրերի բնակիչների տարհանում։ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունը ամբողջապես սահմանափակել է տրանսպորտի երթևեկությունը պայթյունի շրջանում։ Արգելափակվել է դեպի ադրբեջանա-ռուսական սահման տանող ճանապարհի մի մասը։ Հրդեհի պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ դեպքի վայրին։

Նշված պատահարը խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր ոչ միայն զորամասերը, այլ նույնիսկ զինամթերքի պահեստները տեղակայում է բնակավայրերում և դրանց մոտ։

Լուսանկարը - rbc.ua



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am