1000х90.jpg (78 KB)

Երևանյան բեսթսելեր 4/75. «Երփներանգ շղարշը» և «Պատրանքով տարված» գրքերը ցանկում են

Armenpress 09:32, 25 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: 

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և այս շաբաթ երկրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչի «Վերջին վկաները» ստեղծագործությունը մի քանի հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Սվետլանա Ալեքսիևիչը (ծնվել է 1948 թվականին) համաշխարհային ճանաչում ունեցող բելառուս արձակագիր է, որը գրում է ռուսերեն: «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաները», «Վերջին վկաները» գեղարվեստական-վավերագրական գրքերը, որոնք պատմում են Հայրենական մեծ պատերազմի և ԽՍՀՄ-ի՝ Աֆղանստան զորք մտցնելու մասին, հայերեն թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Ալեքսիևիչը նաև ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական), այլ մրցանակներ: Նա այսպես է ձևակերպում իր գրականության էությունը. «Ես միշտ ուզում եմ հասկանալ, թե որքան է մարդը մարդու մեջ: Եվ ինչպե՞ս պաշտպանել այդ մարդուն մարդու մեջ»:

Մեր աղյուսակ է վերադարձել և չորրորդ տեղը գրավել Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:

Սոմերսեթ Մոըմի «Երփներանգ շղարշը» գիրքը հինգերորդն է:  Վեպը քննարկում է Անգլիայի պատմության այն բեկումնային շրջանը, երբ կանայք թեպետ ունեին ընտրելու իրավունք, սակայն, ճնշվելով նախապաշարումներից և նախկին ավանդույթների անբեկանելիությունից, ըստ էության զրկված էին այդ ընտրությունն իրականացնելու հնարավորությունից: Պատմության հերոսուհին՝ Քիթին, տեղի տալով մոր հորդորներին, ամուսնանում է երիտասարդ բժշկի հետ, ում հանդեպ անտարբեր է, և շուտով սիրավեպ է սկսում մեկ այլ տղամարդու հետ. հետևանքները լինում են ավելի քան անսպասելի ու անդառնալի: Ի վերջո Քիթին հասկանում է, որ աղջիկներին պետք է դաստիարակեն ոչ թե որպես հեզ ու անխելք տանտիկիններ, այլ լայնախոհ ու անկախ անհատականություններ: 

Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» լավատեսական շեշտադրմամբ հանրահայտ ու սիրված վեպը կրկին վեցերորդն է: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:

Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Ութերորդ տեղն է զբաղեցրել «Խատուտիկի գինի» ստեղծագործությունը: Այն ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» գիրքը իններորդն է: Գրքում ընդգրկված են պատմվածքներ, որոնք վերցված են նրա տարբեր ժողովածուներից: Պարզ պատմությունները, ներքին անսպասելի հուզական բռնկումները, կերպարներից հորդող տխրությունները Մանրոյի անսեթևեթ ոճի տարերի մեջ են առնում յուրաքանչյուր ընթերցողի: Անգլերենից թարգմանել է Մարո Մադոյան-Ալաջանյանը, խմբագրել Հասմիկ Ալեքսանդրյանը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» գիրքը, որում, այս վիպակից բացի, զետեղված են պատմվածքներ և հարցազրույցներ:

 Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 +1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 27 2 -1

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 21 3 +2

Սվետլանա Ալեքսիևիչ

«Վերջին վկաները»

Բուկինիստ 15 4 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ 13 5 Նոր

Սոմերսեթ Մոըմ

«Երփներանգ շղարշը»

Զանգակ 10 6 0

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 8 7 *

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 8 8 -1

Ռեյ Բրեդբըրի

«Խատուտիկի գինի»

Անտարես 5 9 Նոր

Ալիս Մանրո

«Պատրանքով տարված»

Անտարես 5 10 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«Նահապետի աշունը»

Բուկինիստ 4

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am