Պերճ Զեյթունցյանը կարողացել էր կենդանացնել մեր պատմությունը. Կայացավ արձակագրի հոգեհանգստի արարողությունը

Armenpress 20:03, 23 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերճ Զեյթունցանի մահը մեծագույն կորուստ էր ոչ միայն մշակութային, այլ ողջ հայ իրականության մեջ: Նրա գոյությունը հարստություն էր, որն այլևս չունենք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 23-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացավ արձակագրի հոգեհանգստի արարողությունը: Ներկա էին ՀՀ մշակույթի նախարարը, արվեստագետներ, գրողներ:

«Խոր ցավով եմ արձանագրում Պերճ Զեյթունցյանի կորուստը: Նա կարողացավ իր գրական գործունեության ընթացքում կենդանացնել, միս ու արյուն տալ մեր պատմությունը, այն վերածել պիեսի, ֆիլմի: Համոզված եմ, որ նրա ստեղծագործությունները մեզ, ապագա սերնդին տալու են կյանքը ճշմարիտ ապրելու հնարավորություն: Նրա ստեղծագործություններում էր ազնիվ քաղաքացու կերպարը, մեր պատմության առանցքը»,-ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Տիգրան Մանսուրյանը հիշեց` երիտասարդ տարիներին` Զեյթունցյանի գրական առաջին քայլերը կատարելու ժամանակից դեռ նրան գրական «վունդերկինդ» էին համարում: «Զեյթունցյանը ստեղծեց ռեժիսորական, դերասանական աշխատանքների հսկա նյութ: Փառավոր հետագիծ թողեց կինոստուդիայում աշխատելու տարիներին: Նաև եզակիներից մեկն էր, ով հավասարապես լավ գիտեր թե հայ, թե սփյուռքի իրականությունը: Զեյթունցյանի գոյությունը հարստություն էր, որը ցավոք այսօր չունենք»,-ասաց նա:

Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն անձամբ ճանաչելով Զեյթունցյանին` ասաց, որ նա առանձնանում էր հասարակությունում: Նա ցավում է, որ արվեստագետի հերթական գործն այլև չենք ունենա: Սակայն նա թողեց իր հուշարձանները` բոլոր ժամանակների համար արդիական պիեսները, որոնք դեռ երկար տարիներ կբեմադրվեն:  

«Զեյթունցյանը կատարյալ զգացողութուն ունեցող գրող էր: Ամփոփելով նրա գործունեությունը` կարող եմ ասել, նա բերեց գրականության հանդեպ լրջություն: Հայ դրամատուրգիայում Զեյթունցյանը նոր խոսք ասաց, և մեր պատմության ընկալումների նոր ճանապարհ ցույց տվեց մարդկանց»,-ասաց բանաստեղծ Հակոբ Մովսեսն ու հավելեց` նաև հանգիստ ու խոհուն մարդ էր, ում հետ կարելի էր ամեն ինչի մասին խոսել:

Պերճ Զեյթունցյանը մահացել է օգոստոսի 21-ի առավոտյան՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո։ Նշանավոր գրողին վերջին հրաժեշտը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ։

Հեղինակ է ժողովրդականություն վայելող բազմաթիվ վեպերի, թատերգությունների, թարգմանությունների։ Նրա թատերգությունները երկար տարիներ բեմադրվել են և այժմ էլ հաջողությամբ ներկայացվում են Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային և Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում։ Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները թարգմանվել, առանձին գրքերով լույս են տեսել ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն և այլ օտար լեզուներով։ Անգլերենից թարգմանել, առաջին անգամ հայ ընթերցողին մայրենի լեզվով ներկայացրել է ժամանակակից համբավավոր հեղինակների։ Պ. Զեյթունցյանը Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Թիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ էր։

Զեյթունցյանը շուրջ 35 գրքի հեղինակ է։ Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր էր, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am