Գյումրու Ռուսթավելի փողոցի վերակառուցման հրատապ խնդիրների օպերատիվ լուծման համար կստեղծվի հանձնաժողով

Armenpress 18:57, 23 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Գյումրի քաղաքի Կումայրի պատմական կենտրոնի, մասնավորապես, Ռուսթավելի փողոցի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ, որը վարել է կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են Կումայրի պատմական կենտրոնի վերակառուցման նախագծային խմբի անդամները, այլ պատասխանատուներ՝ քննարկելով մի շարք հրատապ լուծում պահանջող նախագծային և շինարարական խնդիրներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, որոշում է կայացվել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծել համապատասխան հանձնաժողով՝ առկա խնդիրներին օպերատիվ լուծում տալու նպատակով:

Նշված հանձնաժողովի կազմում կընդգրկվեն նաև ՀՀ մշակույթի նախարարության «Կումայրի» ՊՈԱԿ-ի, Գյումրու քաղաքապետարանի և նախագծային կազմի ներկայացուցիչները:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը նախորդել էր օգոստոսի 21-ին նույն թեմայի վերաբերյալ Գյումրիում ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի մասնակցությամբ կայացած աշխատանքային խորհրդակցությունը, որի արդյունքում որոշվել էր Գյումրու քաղաքապետարանում ձևավորել աշխատանքային խումբ՝ ինժեներական կոմունիկացիաների և տեղում առաջացող տեխնիկական խնդիրներին լուծում տալու նպատակով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am