«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Armenpress 10:56, 20 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ: Ըստ դիմումի՝ Ադրբեջանը պահանջել է ընկերությունից գնվելիք Orbiter 1K անօդաչու թռչող սարքերը փորձարկել հայկական դիրքերի ուղղությամբ: Aeronautics Defense Systems ընկերությունն, այնուամենայնիվ, կտրականապես հերքում է, թե իր աշխատակիցները երբևէ նման փորձարկում են արել: Ցանկացած երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված Հայաստանը հստակ դիրքորոշում ունի և այն չի փոխվել, քանի որ այդ զենքն օգտագործվում է ոչ միայն ռազմական թիրախներ խոցելու, այլ նաև խաղաղ բնակչության դեմ: Նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով իսրայելական «Հաարեց»-ում հրապարակված այն տեղեկությունը, որ ադրբեջանական կողմը պահանջել է իսրայելական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունից դրանք փորձարկել հայկական դիրքերի վրա: «Խնդիրների մասին տեղյակ ենք, հետևում ենք դրանց: Գործընթացներ են ընթանում: Արցախի անվտանգության հետ կապված բոլոր գործընթացներին մենք ուշադիր հետևում ենք»,- նկատեց Բալայանը:

Արցախի պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 14-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Մովսիսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Լեռնային Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Նրա խոսքով` այն հարցերը, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմանը, ուժի չկիրառմանը և այլ խնդիրների` համապարփակ կարգավորման կարևոր տարրեր են համարվում, որոնք պետք է քննարկեն կողմերը: «Ահա թե ինչու ենք մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ շարունակում ջանքեր գործադրել, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը` հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով բանակցություններ անցկացնելու համար»,- ասել է ՄԽ խամանախագահը։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը voskanapat.info կայքում հրապարակել է մի փաստաթուղթ, որը նոր բացահայտումներ է անում 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմում Ադրբեջանի կորուստների ու վիրավորների թվի առնչությամբ: Փաստաթուղթը Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը հասցեագրել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին դեռևս անցյալ տարվա ապրիլի 28-ին։ «Զեկուցում եմ Ձեզ, որ 2016թ. ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել է 558 զոհված և 1293 վիրավոր զինծառայող: Վիրավոր զինծառայողներից 58-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Զոհված 558 զինծառայողներից 52-ի անձը հնարավոր չէ նույնականացնել»,- նշել է Սադիկովը: 

Օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ ավելի քան 220 խախտման արդյունքում,  հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով շուրջ 3300 կրակոց: 

Հայոց ցեղասպանության դատապարտում

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ուրացման ճարտարապետները» ֆիլմի մասին ծանուցող պաստառներն անվճար կտեղադրվեն Գլենդելի «Ամերիկանա»  առևտրի կենտրոնում: Օգոստոսի 17-ին ֆիլմի մասին ծանուցող պաստառների տեղադրումն «Ամերիկանա» առևտրի կենտրոնում արգելող որոշման դեմ Գլենդելի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած ասուլիսից ժամեր առաջ հանձնախումբը «Ամերիկանա» առևտրի կենտրոնի սեփականատեր Ջեքի Լևիի ստորագրությամբ նամակ է ստացել, որ պաստառները կենտրոնում կտեղադրվեն անվճար:

Հայաստան և աշխարհ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով: Մինչ նիստի մեկնարկը պատվիրակութունների ղեկավարներին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևի հետ:  Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, մատնանշել փոխգործակցության մի շարք ուղղություններ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է, և երկկողմ տնտեսական ցուցանիշներում առկա են դրական միտումներ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ ՌԴ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետները:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին Ինդոնեզիայի անկախության օրվա կապակցությամբ:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է հայտարարությունը, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքին: Նա նշել է. «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»:

Այլընտրանքային էներգետիկան Ղազախստանի և Հայաստանի զարգացման համար կարևոր ուղղություն է։ Այս մասին հայտարարել է  Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման փոխնախարար Երլան Խայիրովը՝ ողջույնի խոսքով ելույթ ունենալով Հայաստանի օրվա շրջանակում, որ AstanaEXPO-2017 ցուցահանդեսում նշվել է օգոստոսի 16-ին։ «Մենք հիանում ենք Հայաստանի գրական և գեղարվեստական ժառանգությունով: Սիրում ենք հայկական խոհանոցը, մեզ նաև մոտ է հայկական հումորը. հատուկ հիշատակման է արժանի հայկական երաժշտական գործիքը՝ դուդուկը, որը հիացնում է իր ձայնով: Մեր երկրների միջև գործող առանց վիզայի ռեժիմը, ինչպես նաև Ղազախստանի քաղաքների և ձեր մայրաքաղաքի միջև իրականացվող ուղիղ չվերթները թույլ են տալիս քաղաքացիններին ավելի մոտիկից ծանոթանալ մեր երկրների մշակույթների հետ: Ապագայի էներգիայի թեման շատ ակտուալ է ցանկացած երկրի համար: Միջազգային AstanaEXPO-2017 ցուցահանդեսի հարթակը հանդիսանում է ունիկալ հնարավորություն էներգետիկայի բնագավառում նորարար լուծումների ներկայացման և այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունների ուսումնասիրման ու կիրառման համար: Եվ ես ուրախ եմ նշելու, որ Ղազախստանի համար, ինչպես նաև Հայաստանի համար այլընտրանքային էներգետիկան կարևոր ուղղություն է երկրի զարգացման համար»,- ավելացրել է նա:

Ռուսաստանում 2013թ. տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանում: Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիելյանի նախագահությամբ բավարարեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական  վարչության միջնորդությունը: ՀՀ արդարադատության քրեակատարողական վարչության իրավաբանական վարչության պետ Տիգրան Սահակյանը միջնորդել էր դատարանին ճանաչել  Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը: Հրաչյա Հարությունը ներկայացված միջնորդության հետ համաձայնվել էր:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության  ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի հրդեհաշիջման ընթացքի, ինչպես նաև հանրապետության ամբողջ տարածքում տևական ջերմային բարձր ֆոնի և տեղումների բացակայության պայմաններում անտառամերձ ու անտառային գոտիներում առաջացած հրդեհավտանգ իրավիճակի պատշաճ վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման, առաջացած հրդեհների պատճառների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների, բնությանը և գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի ուսումնասիրման, դրա վերականգնման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել է նաև ստեղծված իրավիճակում նոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը: Որևէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից, և լինում են դեպքեր, երբ նույնիսկ ամենահզոր պետություններն ի զորու չեն միայն սեփական ուժերով պայքարել բնական աղետի դեմ: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ երախտագիտություն հայտնելով Ռուսաստանին` հատուկ տեխնիկա տրամադրելու համար: Լյուքսեմբուգում հիմնադրված Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպությունը, որի հիմնադիրն է բարերար Գագիկ Ադիբեկյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհների հետևանքների վերացման նպատակով կփոխանցի 100 000 եվրո:

Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում բռնկված հրդեհը, կրակի դեմ 5-օրյա պայքարից հետո, օգոստոսի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Caterpillar հատուկ տրակտորներով փորվել են բազմաշերտ (4-10 մ լայնությամբ) խրամատներ. հրդեհի տարածումը գրեթե ամբողջությամբ մեկուսացվել է, տարածման վտանգ չկա: Օգոստոսի 15-ի, ժամը 12.00-ի դրությամբ՝ այրվել է շուրջ 15.6 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա՝ անտառածածկ: Արտավան գյուղի հրդեհը, օգոստոսի 16-ի ժամը 09:24-ի դրությամբ, մարվել է:

ՀՀ Նախագահի մոտ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզաձևերում ՀՀ հավաքական թիմերի մարզիկների նվաճումները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, այդ ձեռքբերումներն ամրապնդելու նպատակով ձեռնարկվելիք հետագա միջոցառումները, ինչպես նաև մասսայական սպորտի, մանկապատանեկան սպորտի և երիտասարդական պետական քաղաքականության ոլորտներում իրականացված աշխատանքների, հիշյալ ոլորտներում առկա խնդիրների և դրանց լուծման նպատակով ակնկալվող համակարգային փոփոխությունների ու նոր ծրագրերի ներդրման մասին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին: Համահայկական խորհրդի ձևավորման վերաբերյալ առկա հիմնական մոտեցումների և այդ մարմնի կազմավորման մեխանիզմների վերաբերյալ զեկուցել է Սահմանադրական դատարանի նախագահ, կազմակերպչական հանձնախմբի աշխատանքների համակարգման պատասխանատուներից Գագիկ Հարությունյանը: Արծարծված մոտեցումներն ու մեխանիզմները քննարկման առարկա կդառնան սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովում:

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Շահումյանի շրջանում դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որից հետո միասին ծանոթացել են շրջանում գործող տնտեսական մի շարք նախագծերի: Երկու հանրապետությունների վարչապետները սկզբում ծանոթացել են Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարական աշխատանքներին՝ կարևորելով այդ ճանապարհի նշանակությունը՝ թե՛ ռազմավարական և թե՛ հարակից շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյուններից: Վարչապետներն այնուհետև մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին:

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագրին ու ծրագրի միջոցառումների ժամանակացույցին: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ ռազմավարական ծրագրով նախատեսված են ոլորտի մարտահրավերների պատասխաններին ուղղված հիմնական լուծումներն ու դրանցով պայմանավորված միջոցառումները, ինչպես նաև ծրագրի իրականացման արդյունավետության գնահատման առանցքային ցուցանիշներն ըստ նպատակների:

Օձաբերդ հնավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Արծվանիստ համայնքների միջեւ: Այն գիտական շրջանակներին հայտնի է դեռեւս 1860-ական թվականներից: Ինչպես տեղեկացրեց Օձաբերդի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը, վերջին տարիների պեղումները տալիս են կարեւոր տեղեկություններ ուրարտական եւ ետուրարտական շրջանների մի շարք կարեւոր հարցերի վերաբերյալ:

Սփյուռք

Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում օծվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Տեղի հայերի ջանքերով դրա կառուցումը մոտ 10 տարի է տևել: Հայկական ճարտարապետության ավանդույթներն ամփոփող սրբավայրի բարձրությունը 37 մետր է, երեսպատման համար օգտագործվել է 250 տոննա հայկական տուֆ: Վլադիմիրի երկրամասում մոտ 30 հազար հայ է ապրում: Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի  խոսքով՝ Ռուսաստանում այս պահին գործում է 47 հայկական եկեղեցի:

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանը հանդիպել է Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում: Հանդիպման ժամանակ Գարեգին Բեկչյանը Ստամբուլի փոխնահանգապետին տեղեկություններ է հայտնել պատրիարքի ընտրության շուրջ տեղի ունեցող ներկայիս զարգացումների վերաբերյալ: Հանդիպումն  անցել է մամուլի համար փակ պայմաններում:

ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված «2016. կրոնական ազատություններ» միջազգային զեկույցում, որը արդեն 19 տարի է հրապարակվում է, անդրադարձ է կատարվել նաև Պոլսո Հայոց պատրիարքի սպասվելիք ընտրություններին: Զեկույցում, ի թիվս Թուրքիայի դեմ հնչած մի շարք քննադատությունների, անդրադարձ է կատարվել թուրքական պետության կողմից Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին միջամտելու հանգամանքին: «Թուրքիայի կառավարությունը միջամտում է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրական գործընթացին»,- ասված է զեկույցում:

Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցում երեխաները հայերեն են սովորում։ Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցում սովորող աշակերտների երեք քառորդը հայկական ծագում ունեցող ընտանիքների երեխաներ են։ Ծնողներն անընդհատ միջոց էին փնտրում իրենց լեզուն և մշակույթը երեխաներին փոխանցելու համար: Հայկական ծագմամբ ընտանիքներից շատերը  մինչ այդ ստիպված մեկնում էին Գլենդելի միասնական դպրոցական թաղամաս, որտեղ գործում է հայերենով երկլեզու ծրագիր: Պիլոտային նախագիծը քաղաքի մանկապարտեզներում մեկնարկել է 5 տարի առաջ, երեխաներին հավասարապես սովորեցրել են հայերեն և անգլերեն: Երեխաներն իրենց ժամանակի մի մասն անցկացնում են դասասենյակում, որտեղ ուսուցիչը միայն հայերեն է խոսում, իսկ մյուս մասը՝ անգլերեն դասավանդվող դասասենյակներում: Արդեն այս տարի ավելի քան 80 երեխա առաջին դասարան է ընդունվել երկլեզու ծրագրով:

Սիրիայում օգոստոսի 14-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում զոհվել է հայազգի Նուբար Օզանյանը:  Որոշ տեղեկությունների համաձայն՝ 1990-ականներին Օզանյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրական պատերազմին:

Միջազգային խճանկար

Առնվազն 13 մարդ է զոհվել եւ ավելի քան 100-ը վնասվածքներ ստացել այն ֆուրգոնի անիվների տակ, որը Բարսելոնայի տուրիստական կենտրոնի Ռամբլայի ճեմուղում մխրճվել է բազմության մեջ: Իշխանությունները պատահարը որակել են ահաբեկչական գործողություն, իսկ «Իսլամական պետություն» ջիհադական խմբավորումն ստանձնել Է հարձակման պատասխանատվությունը։ Իսպանիայի ոստիկանությունը հայտարարել Է երկրորդ ահաբեկչության կանխման մասին, որը պետք է կատարվեր միեւնույն սխեմայով, ինչ Բարսելոնայինը, Կամբրիլսե ծովամերձ քաղաքում՝ Բարսելոնայից 100 կիլոմետր հարավ: Չորս կասկածյալներ սպանվել են, եւս մեկը վիրավոր է: Ավելի ուշ վիրավոր հանցագործը մահացել Է: Հարձակվողները վիրավորել են յոթ մարդու, ներառյալ մեկ ոստիկանի: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

Թուրքական բանտերում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային ձերբակալությունների հետևանքով խիստ գերբեռնվածություն է առաջացել: Թուրքիայի իշխանությունները նոր կալանավորներին տեղավորելու համար ստիպված են ինչպես օրենսդրական տարբեր փոփոխություններով և մանևրումներով ազատ արձակել նախկին կալանավորներին, այնպես էլ կառուցել նոր բանտեր: Թուրքիայում ներկայումս գործում են 381 բանտ, որոնցից 139-ը կառուցվել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի և՛  վարչապետության, և՛ նախագահության շրջանում:  2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո միայն զանգվածային ձերբակալությունների հետևանքով բանտերում առաջացած գերբեռնվածությունը փոքր-ինչ մեղմելու նպատակով կառուցվել է 38 բանտ:

Զինված ավազակախմբերը հրթիռակոծել են Հալեպի Ալ-Աքրամիա շրջանը, ինչի հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ: Եվս 9 բնակիչ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:    

Սիրիայի իշխանությունները պատերազմի պատճառով վեցամյա ընդմիջումից հետո անցկացնում են Դամասկոսում արդյունաբերական ապրանքների 59-րդ միջազգային ցուցահանդեսը, որն իր աշխատանքը սկսել է օգոստոսի 17-ին: 

Սիրիայում զինյալների պահեստներում գտել են թունավոր նյութեր ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից։ Թունավոր նյութերը, որոնք գտնվել են զինյալների կողմից լքված զինապահեստներում, վկայում են, որ դրանք Սիրիայում ահաբեկիչներին են հասցվել ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միքդադը Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում: «Բոլոր գտնված հատուկ միջոցներն իրենցից ներկայացնում են ձեռքի նռնակներ եւ նռնականետերի հեծաններ, որոնք հանդերձված են CS եւ CN թունավոր նյութերով… Հայտնաբերված քիմիական զինամթերքն արտադրել Է Federal Laboratories ընկերությունն ԱՄՆ-ի տարածքում… Իսկ թունավոր նյութերն արտադրել են Cherming Defence UK (Մեծ Բրիտանիա) եւ NonLethal Technologies (ԱՄՆ) ընկերությունները»,- ասել Է Միքդադը:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի թվիթը Շառլոտսվիլլում աջ ծայրահեղականների եւ նրանց հակառակորդների ընդհարումներից հետո ամենից տարածվածն է դարձել Twitter-ի գոյության ամբողջ պատմության ընթացքում: Twitter-ում Օբաման մեջբերում է կատարել հարավաֆրիկացի պետական եւ քաղաքական գործիչ Նելսոն Մանդելայի խոսքից: Ինչպես գրել է Independent-ը, թվիթին կցված Է Օբամայի լուսանկարը մանկապարտեզի լուսամուտի մոտ, որը 2011 թվականին արել Է լուսանկարիչ Փիթ Սոուզան: Պատուհանից միասին նախագահին են նայում տարբեր ռասաների երեխաներ:

ԿԺԴՀ կողմից հրթիռային սպառնալիքին դիմակայելու համար ԱՄՆ-ը Հարավային Կորեայում «Patriot» հակահրթիռային համակարգեր է տեղադրել: Վերջերս ԿԺԴՀ-ն հայտարարել էր, որ կարող է միջին տարածության չորս հրթիռների միաժամանակյա արձակում իրականացնել, որոնք որպես նախազգուշացում ԱՄՆ-ին, կընկնեն ծովում՝ Գուամից 30-40 կիլոմետր հեռավորության վրա: Այդ կղզում տեղակայված են ամերիկյան երկու ռազմավարական ռազմաբազա, որոնցում ԿԺԴՀ-ն իր անվտանգության համար սպառնալիք է տեսնում: ԿԺԴՀ-ի վրա տնտեսական ճնշման հնարավորությունները գործնականում սպառված են, Մոսկվան չի պաշտպանում ԿԺԴՀ-ի տնտեսապես խեղդելու գործընկերների գաղափարները: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք խորապես համոզված ենք, որ տնտեսական ճնշման հնարավորությունները գործնականում սպառված են,-ընդգծել Է նախարարը:-Մենք չենք կարող պաշտպանել այն ծրագրերը, որոնք մեր գործընկերներից ոմանք շարունակում են մշակել, եւ որոնք ուղղված են բառացիորեն Հյուսիսային Կորեային տնտեսապես խեղդելուն՝ ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար բացասական, ողբերգական եւ հումանիտար բոլոր հետեւանքներով հանդերձ»:

Մշակույթ

 «Ռոստելեկոմ-Հայաստանի» հովանավորությամբ օգոստոսի 12-ին և 13-ին Ծաղկաձոր քաղաքում անցկացվել է «ԷՊԻԿ» բացօթյա ռոք- փառատոնը։Փառատոնը կազմակերպվել էր «Արմենիա թրեվլ» ընկերության կողմից «ԷՊԻԿ» միջազգային ամառային դպրոցի շրջանականերում, որին աջակցել էր նաև «Հայաստանի ռոք- ասոցիացիան», իսկ գլխավոր ինֆորմացիոն հովանավորն էր «Վան» ռադիոկայանը։ «ԷՊԻԿ» բացօթյա ռոք-փառատոնի ընթացքում ելույթներով հանդես են եկել  «ԴՈԳՄԱ», «Ոստան հայոց», «Որդան կարմիր»,  «ԷՄՊԻՐԵՅ» և այլ խմբեր, ինչպես նաև հանրահայտ մենակատար Գոռ Սուջյանը։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել Վարդան Մկրտչյանը։

Սպորտ

Whoscored.com կայքը ԱՊԼ-ի մեկնարկային տուրում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեսթ Հեմ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այդ խաղում Մխիթարյանը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ մրցավեճն ավարտվել է մանչեսթերցիների 4:0 հաշվով հաղթանակով: 

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը անդրանիկ գնդակն է խփել նոր ակումբի կազմում: Սլովակիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում Բիչախչյանի «Ժիլինա»-ն մրցել է «Դոբրա նիվա»-ի հետ և հաղթել 7:0: Վահան Բիչախչյանը թիմի մեկնարկային կազմում չի եղել, սակայն փոխարինման է դուրս եկել երկրորդ կեսում և իր առաջին գնդակը խփել նոր թիմի կազմում:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի գոլն օգնել է «Վարդար»-ին հաղթանակ տանել: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆ փուլում մակեդոնական «Վարդար»-ը մրցել է թուրքական «Ֆեներբախչե»-ի հետ: Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը: «Ֆեներբախչե»-ի կազմում խաղավերջին ինքնագոլ է խփել Թոփալը: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am