«Ռեալ»-ի հետ նոր պայմանագրով Զիդանի աշխատավարձը կբարձրանա

Armenpress 13:20, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի ղեկավարության հետ համաձայնության է եկել նոր պայմանագրի կնքման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AS-ը:

Պարբերականի տեղեկության համաձայն՝ պայմանագիրը նախատեսված կլինի 3 տարով: Զիդանի տարեկան աշխատավարձը 4,35 միլիոնից կբարձրանա մինչև 8 միլիոն եվրո: Ֆրանսիացի մասնագետի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է այս ամսին մեկնարկելիք մրցաշրջանի ավարտին:

Զինեդին Զիդանը գլխավորել է «Ռեալ»-ը սկսած 2016 թվականի հունվարից: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ նա դարձավ առաջին մարզիչը, ում հաջողվել է երկու տարի անընդմեջ նվաճել մրցաշարի հաղթողի կոչումը, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի սուպեր գավաթը: Նախորդ մրցաշրջանում մադրիդցիները կարողացան նվաճել նաև Իսպանիայի առաջնության և աշխարհի ակումբային առաջնության գավաթները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am