1000х90.jpg (78 KB)

Ադրբեջանցիների հիմնած հակահայկական ֆեյք կայքի հոդվածը ղրղզական սոցցանցերում բուռն քննարկման առարկա է դարձել

Armenpress 12:36, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզական սոցցանցերում բուռն քննարկվում է բացահայտ ֆեյք կայքի` armenianreport.com-ի հոդվածը, որն ունի ակնհայտ ֆաշիստական ուղղվածություն: «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն, անդրադառնալով ղրղզական սոցցանցերում բուռն քննարկվող ֆեյք կայքի հոդվածի վերաբերյալ իրեն ուղղված հարցումներին, ընդգծել է, որ դա հայկական աղբյուր չէ:

«Ասեմ ավելին, հակահայկական կայք է, որի ստեղծման նպատակն է Հայաստանի դեմ հենց այսպիսի ինֆորմացիոն օպերացիա իրականացնելը: Մենք նրանց վաղուց ենք բացահայտել: Ձևացնելով, թե իրենք հայեր են, ադրբեջանական այդ ռեսուրսը հետապնդում է կոնկրետ նպատակներ»,-ասել է Արամ Անանյանը:

Ֆաշիստական տրամադրություններ տարածող այդ կայքը սոցիալական ցանցերի ղրղզական տիրույթում ակտիվացրել է հակահայկական տրամադրությունները Լիբանանում «World Next Top Model 2017» գեղեցկության միջազգային մրցույթին հայազգի Սուսաննա Եգորյանի մասնակցության առնչությամբ առաջացած աղմուկից հետո:

Սուսաննա Եգորյանը, ով, ներկայացնելով Ղրղըզստանը, դարձել է Լիբանանում անցկացված միջազգային մրցույթի հաղթող, ցուցադրություններից մեկի ժամանակ պոդիում է բարձրացել «Հայաստան» ժապավենով։ Դրանից հետո Ղրղզստանում կոչ են արել քաղաքացիությունից զրկել էթնիկ հային: Մոդելն իր Instagram-ի էջում պարզաբանել է, որ չի դավաճանել Ղրղըզստանին, այլ կատարել է Լիբանանում անցկացված մրցույթի պահանջները։ «Մրցույթի կանոնները հետևյալն են` մի դեպքում պոդիում բարձրանալիս մենք պետք է ներկայացնեինք մեր երկիրը, մյուս դեպքում՝ անձնագրում նշված ազգությունը։ Ինձ և շատ այլ աղջիկների տվել են երկու ժապավեն։ Չեմ հասկանում, թե ինչի համար է այսքան աղմուկը։ Ես իմ երկիրը չեմ դավաճանել»,-գրել է Սուսաննան:

Սուսաննայի քայլի շուրջ Ղրղըզստանում առաջած աղմուկն օգտագործելով` armeniareport.com-ը, ներկայանալով իբր հայկական կայք, վիրավորական շեշտադրումներով հոդվածներ է հրապարակել` փորձելով թեժացնել կրքերը: Հակաղրղզական այդ հոդվածից հետո սոցիալական ցանցերի ղրղզական տիրույթում մեծացել են հակահայկական տրամադրություններն ու մեկնաբանությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am