Պետք է առաջնորդվես քո շահով. Շավարշ Քոչարյանը՝ ԱՄՆ-ՌԴ առճակատման պայմաններում Հայաստանի դիրքի մասին

Armenpress 15:26, 10 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած առճակատման դեպքում յուրաքանչյուր երկիր պետք է առաջնորդվի իր շահերով, սակայն հստակ պահպանի միջազգային խաղի կանոնները: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, թե ԱՄՆ-ՌԴ առճակատման պայմաններում Հայաստանը պետք է ստիպված լինի ընտրություն կատարել:

«Աշխարհը երբեք սև ու սպիտակ չի եղել: Ես նորից հիշեցնեմ այն իրավիճակը, երբ շատ խորն առճակատման մեջ էին Իրանն ու ԱՄՆ-ը, նույնիսկ կային այնպիսի պատկերացումներ, որ կարող էին ռազմական գործողություններ սկսվել: Մենք այն ժամանակ էլ որևէ ընտրություն չենք կատարել: Մենք ազնիվ ենք եղել մեր տեղում, ունեցել ենք նորմալ հարաբերություններ և ԱՄՆ-ի, և Իրանի հետ: Առաջնայինը նա է, որ դու հստակ գիտակցես քո շահն ու առաջնորդվես քո շահերով՝ մյուս կողմից պահպանելով միջազգային խաղի կանոնները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծեց ՀՀ փոխարտգործնախարարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am