Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է  առողջապահության փոխնախարարը

Armenpress 15:58, 30 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական փաթեթի  շահառուների բժշկական սպասարկման առաջարկվող փոփոխությունները բխում են կառավարության ծրագրում  ամրագրված` պետական պատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության բարձրացման և պետական բյուջեի միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:

«Գործող կանոնակարգմամբ այս շահառուների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները բժշկական հաստատություների միջև բաշխվում են նախապես` մինչև կոնկրետ բժշկական ծառայություն մատուցելը։ Քանի որ միշտ չէ հնարավոր կանխատեսել, թե շահառուներն ավելի շատ որ բուժհաստատությունները կնախընտրեն, տարվա ընթացքում առաջանում է բաշխված գումարի և պահանջարկի անհամապատասխանություն։ Արդյունքում՝ առանձին բժշկական հաստատություններում տրամադրված գումարները ծախսվում են օրացույցային տարվա ավարտից շատ ավելի վաղ, և շահառուն ստիպված է լինում հերթագրվել` ծառայությունների մատուցմանը սպասելով 3-6 ամիս: Խնդիրներ, որոնց  պատճառով  շատ  դեպքերում շահառուներն ստիպված են լինում անվճար ծառայություններից օգտվել վճարովի հիմունքներով»,- ասաց փոխնախարարն ու հավելեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատաված փոփոխությունների հիմնական նպատակը սոցիալական փաթեթի շահառուներին իրենց իսկ կողմից ընտրված բժշկական հաստատությունում անհրաժեշտ  բժշկական ծառայությունների տրամադրումն է առանց հերթագրումների և որևէ այլ խոչընդոտների:

Սամվել Մարգարյանի խոսքով՝ այս համակարգով պետական բյուջեից տրամադրվող գումարները ոչ թե նախապես բաշխվում են բոլոր հիվանդանոցներին, այլ շահառուն ինքն է որոշում, թե իր գումարն ուր փոխանցվի։ Փոխնախարարը շեշտում է, որ  միաժամանակ ուժեղացվում է  ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունը, հետևաբար  և մեծանում է դրանց ծախսման արդյունավետությունը: 

«Շահառուն հնարավորություն է ունենում միայն անձը հաստատող փաստաթղթով դիմել ծրագրում ներառված ցանկացած բժշկական հաստատություն և ստանալ փաթեթով նախատեսված  բժշկական ծառայությունները: Ընդ որում, կառավարության որոշմամբ՝ սահմանվել են տրամադրվող ապահովագրության փաթեթը, ինչպես նաև գործնըթացը կարգավորող մի շարք հարաբերություններ, մասնավորապես՝ բժշկական հաստատությունների հետ ապահովագրական ընկերությունների համագործակցության կարգը,  ապահովագրական ընկերությունների ընտրության և ընտրված ապահովագրական ընկերությունների միջև շահառուների բաշխման և վերաբախշման բազմագործոն համակարգը»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ, ի տարբերություն նախկինի, մշակվել են ապահովագրական ընկերությունների ֆինանսական և գործառնական կարողությունների գնահատման, ինչպես նաև մատուցված ծառայությունների որակական ցուցանիշներ: 

«Մենք ակնկալում ենք, որ ՀՀ կառավարության կողմից արդեն հաստատված փոփոխությունների արդյունքում, մի կողմից՝ առավել նպատակային և հասցեական կծախսվեն բյուջեից հատկացվող միջոցները, մյուս կողմից՝ զգալիորեն կբարելավվի սոցիալական փաթեթի շուրջ 100 հազար շահառուի բժշկական ծառայությունների որակը՝ ի շնորհիվ կրկնակի վերահսկողության մեխանիզմի: Նոր մեխանիզմով, բացի առողջապահության նախարարությունից, որպես ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը կհետևեն նաև ապահովագրական ընկերությունները»,­- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ սոցփաթեթի շահառուների համար կա ևս մեկ նորություն՝ այսուհետև նրանք պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը  կարող են անցնել ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված համապատասխան ծառայություն մատուցող ցանկացած բժշկական կազմակերպությունում։ Սոցփաթեթի շահառուների բժշկական սպասարկման նոր համակարգը կգործի հոկտեմբերի 1-ից։ Մինչ այդ կկազմակերպվի առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման իրականացման պայմանագրերի կնքման գործընթացը՝ հիմք ընդունելով էլեկտրոնային շտեմարանում գրանցված շահառուների թվաքանակը։ Ըստ փոխնախարարի՝ ծրագրի շրջանակներում ապահովագրության պայմանագրեր կկնքվեն ՀՀ­-ում գործող այն ապահովագրական ընկերությունների հետ, որոնք ունեն առողջության ապահովագրության դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա և կներկայացնեն համապատասխան հայտ։ 

«Համակարգի գործունեության 2-րդ տարուց սկսած՝ պայմանավորված ապահովագրական ընկերության մատուցած ծառայության որակով, նրա շուկայական մասնաբաժինը կարող է իջնել կամ բարձրանալ: Առողջ մրցակցության պայմաններում քաղաքացին  կընտրի ապահովագրական ընկերություն։ Դժգոհության դեպքում շահառուն կարող է տարվա ավարտին դիմում գրել, և նրան կսպասարկի մեկ այլ ապահովագրական ընկերություն»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ ապահովագրական ընկերության և շահառուի միջև ծագած վեճերի դեպքում շահառուն կարող է դիմել ֆինանսական հաշտարարի գրասենյակ, որը 10 օրվա ընթացքում լուծում կտա ցանկացած բողոքի: Ֆինանսական հաշտարարի որոշումները վերջնական կլինեն  ապահովագրական ընկերության համար, սակայն շահառուն հնարավորություն կունենա բողոքարկելու նաև դատարանում: 

Սոցփաթեթի շահառուների բժշկական սպասարկման սույն համակարգը պիլոտային ծրագիր կհանդիսանա նախարարության հաջորդ ծրագրի համար։ Վեց ամսվա ընթացքում կուսումնասիրվեն նոր համակարգի դրույթների իրականացման արդյունքները, որոնք հաշվի կառնվեն  սոցիալապես անապահով ավելի քան 600.000 բնակչության բժշկական սպասարկումը ևս նույն մեխանիզմով կազմակերպելու ժամանակ։ «Փուլ առ փուլ ավելի շատ մարդիկ կընդգրկվեն այս համակարգում, ինչը  նախապայմաններ կստեծի, որպեսզի 2019-2020 թթ. գնանք դեպի  բնակչության պարտադիր բժշկական ապահովագրության համկարգ»,- եզրափակեց Սամվել Մարգարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am