«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Armenpress 11:06, 30 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Արցախի Նախագահ Բակո Սահակյանը: Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Արցախի, Հայաստանի և  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերի շուրջ:

Ապրիլյան պատերազմից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայկական կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացվել է 350-ից ավելի գործ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը: «Ներկայացված հայցերն առնչվում են մի քանի հոդվածների` կյանքի իրավունք, արգելված վերաբերմունք, անձնական կյանքի հարգման իրավունք: Տեսեք, մեզ սահմանից ուղարկված նամակում գրում են, որ վաղուց քնելուց առաջ անձնագրերը դնում են փոքր պայուսակի մեջ և կախում են դռան բռնակից: Պատկերացնում եք այդ մարդկանց վիճակը, սա անձնական կյանքին է առնչվում և անպայման չէ այնտեղ ռմբակոծություն եղել է, թե ոչ: Այսինքն` այդ մարդիկ նորմալ կյանքից զրկված են: Բարձրացրել ենք նաև գույքային իրավունքի, ինչպես նաև խտրականության հարցը: Ներկայացրել ենք այն, որ մարդիկ սպանվել են, գույքից զրկվել են, որովհետև հայ են»,- ասաց Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ ակնկալում են իրավական պաշտպանության արդարացի փոխհատուցում:

ԱՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե հայկական կողմի հարվածից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են. «Քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվություն է:

Ադրբեջանը նենգ, պրովոկատիվ քայլերի է դիմում: Հայկական կողմից զինադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծ տեղեկատվության տարածումն այդ մասին է խոսում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Ադրբեջանի տարածած այն հաղորդագրությանը, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունը, ըստ որի, իբր հուլիսի 26- ողջ օրվա ընթացքում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական մարտական դիրքերը, ինչպես նաև խաղաղ բնակավայրերը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը նախազգուշացնում է, որ որևիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է  պատասխան կոշտ գործողությունների և կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, որոնք կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար։ Սին մեղադրանքների գործելաոճից խուսափելու լավագույն տարբերակը 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ կատարումն է, Նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումն ու միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը»։

Տավուշի մարզի դիրքերից մեկում հուլիսի 28-ին հրազենային կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արկադի Լևոնի Ղամբարյանը:

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող 41-ամյա Արթուր Մայրանյանը: 

Հայոց ցեղասպանության դատապարտում

Պաշտոնական այցով հուլիսի 25-ին Հայաստան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում կատարեց հետեւյալ գրառումը. «Այցելելով այս թանգարան՝ յուրաքանչյուր ոք հանգում է երկու եզրակացության՝ այլեւս երբեք թույլ չտալ նման սարսափելի գործողություններ եւ երբեք չմոռանալ ողբերգությունը, այն մշտապես կենդանի պահել մարդկանց գիտակցության եւ հիշողության մեջ»,-գրել է իսրայելցի նախարարը: 

Կնեսետում ներկայացված Yesh Atid («Ապագա կա») կուսակցության հիմնադիր առաջնորդ Յաիր Լապիդն առաջարկել է Իսրայելի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գործիչը նման հայտարարությամբ է հանդես եկել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ հայտարարություններ էր հնչեցրել Իսրայելի հասցեին՝ ալ-Աքսա մզկիթի մուտքի մոտ մետաղորսիչ դնելու վերաբերյալ իսրայելական կողմի որոշման առնչությամբ:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը, որով այսուհետ արգելվելու է մեջլիսի ամբիոնի մոտից բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին:

Հայաստան և աշխարհ

 Իսրայելը պատրաստ է զինտեխնիկա վաճառել նաև Հայաստանին, իսկ Ադրբեջանին զենք է վաճառում ոչ Հայաստանի նկատմամբ թշնամության պատճառով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի՝ Երեւան այցին: Նրա խոսքով՝ այս հարցում Թել Ավիվի դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն բարձրաձայնվել է: «Նրանք պատրաստ են զենք վաճառել ցանկացածին, այդ թվում՝ Հայաստանին»,- ասաց Քոչարյանը: Հարցին՝ Հայաստանը երբևէ նման բանակցություններ վարե՞լ է, Քոչարյանը պատասխանեց. «Հարցն այլ գերատեսչությանն է ուղղված»:

«Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միջազգային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականներն արժանացել են 6 մեդալի և 2 գովասանագրի։  

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին պատկանող ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9999594 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման հարցին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 27-ին այցելել է Հայաստանի զարգացման հիմնադրամ, որտեղ ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին: ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը Կարեն Կարապետյանին է ներկայացրել հիմնադրամի կառուցվածքային բարեփոխումներից հետո նոր ծրագիրը և նշել, որ առաջին կիսամյակում հաջողվել է կատարել ամբողջ տարվա ծրագիրը: Անդրադառնալով արձանագրված ցուցանիշներին՝ նա նշել է, որ ՀԶՀ աջակցությամբ 3.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք արտահանման պայմանագրեր են կնքվել:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթանում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը: Մեղադրող դատախազը ներկայացրել է ամբաստանյալ Արթուր Վարդանյանի մեղադրական եզրակացությունը, ըստ որի, խմբի անդամներ Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մադոյանը, Ավետիս Բարեյանը և Արման Հայրապետյանը, լուսանկարել կամ տեսագրել են Արթուր Վարդանյանի համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները: Այդ օբյեկտների թվում են եղել ՀՀ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանի, Մրգաշեն գյուղում գտնվող ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայրական տները, դրանց մատույցները, Ռոբերտ Քոչարյանի աշխատավայրերը, ինչպես նաև ՀՀ նախագահի նստավայրը, Բարեկամության հրապարակը, Ֆրանսիայի հրապարակը, Հաղթանակ և Կիևյան կամուրջները: Գևորգ Ջնդոյանը սևագիր գծագրել է ՀՀ սահմանադրական դատարանի շենքը, դրա մատույցները և հարակից տարածքները:

Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը նվազել է: Եթե տարիներ առաջ Հայաստանում 100 աղջկա դիմաց  ծնվում էր 115-120 տղա, ապա ներկայում այդ հարաբերակցությունը փոխվել է: 2016 թվականին 100 աղջկա դիմաց ծնվել է 112 տղա:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում «Beeline»-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարեցին «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում history.armenpress.am կայքի գործարկման մասին։ «Այսօր մենք առանձնակի հպարտությամբ ենք ազդարարում «Արմենպրես.Պատմություն» կայքի մեկնարկի մասին։ Աշխարհում շատ չեն գործակալությունները, որոնք նման նախագծեր են իրականացրել ու հանրության համար հասանելի են դարձրել լուսանկարների արխիվի լավագույն նմուշները։ 1918թ․ստեղծված Հայաստանի պետական լրատվական գործակալության առաքելությունը եղել և մնում է օպերատիվ ու ստույգ լրատվություն ներկայացնելը ,և այն, որ մեր լրագրողների և լուսանկարիչների աշխատանքի արդյունքը դառնում է պատմության անօտարելի մասը, փաստում է, որ մեր բոլոր ժամանակների գործընկերներն իրենց առաքելությանը եղել են հավատարիմ: Պատմությունը գրվում է ապագայից, այդ խոսքերը պատահական չեն, որովհետև ապագայում ենք արժևորում անցյալը, ապագայի աչքերով նայում այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել պատմության ընթացքում», -ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց, որ սեփական պատմության նկատմամբ հարգանքն ու հոգատարությունը բնորոշ է զարգացած հասարակություններին, և այս կայքի ստեղծումը անմիջական ավանդ է Հայաստանի պատմագրության մեջ։ «Տեղեկատվության դարաշրջանում թվային տարբերակով երկրի ֆոտոպատմության ստեղծումը կարևոր ձեռքբերում է։ «Beeline»-ը հպարտ է մասնակից լինել այս գործընթացին, քանի որ անցյալի ուսումնասիրությունն ապագան ավելի լավը դարձնելու գլխավոր նախադրյալներից է», - նա։

Բազմաթիվ աղբյուրներ են հայտնաբերվել Սևանա լճի բուն ավազանում: Աղբյուրների հետ դուրս են գալիս նաև գազեր: Լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավի արդյունքում հայտնաբերվել են նաև այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք ապրել են այլ լանդշաֆտային պայմաններում: Այս մասին հայտնեցին գիտահետազոտական արշավն իրականացնողները: «Հայաստանն այնպիսի երկրաբանական միջավայրում է, որտեղ ունենք շատ ակտիվ խզվածքների ցանց: Այդ խզվածքներն առկա են նաև Սևանի ավազանում, որոնք հետաքրքրում էին երկրաբաններին: Մեր կենտրոնի առջև խնդիր դրվեց՝ ուսումնասիրել ստորջրյա աղբյուրները, քանի որ հայտնի է, որ խզվածքների երկայնքով կարող են աղբյուրներ դուրս գալ:  Եվ գիտնականների կողմից ենթադրվող տեղանքներում իսկապես հայտնաբերվեցին բազմաթիվ աղբյուրներ: Մոտ 30 տեղանքում տասնյակ աղբյուրներ էին դուրս գալիս: Դրանք ունեն գազային էմանացիա՝ պղպջակների տեսքով»,-ասաց Արա Ավագյանը:

Տեխնիկական մասի պատասխանատու Վահե Մելքոնյանի խոսքով՝ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նաև շատ վաղ ժամանակների գտածոներ՝ հին փայտե նավ, ցանց, կենդանիների ոսկորներ, այդ թվում նաև ուղտի գանգ, բեզոարյան այծի ոսկորներ, որոնք տրվել են հնէաբաններին: 

Հերբերտ Բաղդասարյանին բնութագրելու համար բավական է նրան անվանել ժուռնալիստիկայի նվիրյալ։ Այո, նա հենց այդպիսին էր։ Ընդամենը երկու հատիկ բառ և մարդու կերպարը պարզ է, նշել է «Արմենպրես»-ի վետերան լրագրող Լևոն Ազրոյանը՝ «Նրա օբյեկտիվով «Արմենպրես»-ի լուսանկարները հաղթանակներ են բերել Հայաստան. Հերբերտ Բաղդասարյանը կդառնար 80 տարեկան» հոդվածում։ Նա գրել է. «Հերբերտի պարագայում համարձակորեն կարելի է ասել, որ նա դատապարտված էր ժուռնալիստ դառնալ, ընտրելով ֆոտոժուռնալիստիկայի բնագավառը։ Նրա հայրը՝ Նեմրութ Բաղդասարյանը, խորհրդահայ ֆոտոլրագրության նահապետն էր, ավելին՝ մեզանում այդ ժանրի հիմնադիրներից մեկը։ Ես ստույգ չեմ կարող ասել, բայց, չգիտես ինչու, համոզված եմ, որ փոքրիկ Հերբերտի առաջին խաղալիքը եղել է… լուսանկարչական ապարատը։ Նեմրութը, կարծես, Երևանի խորհրդանիշը լիներ։ Առանց նրան դժվար էր պատկերացնել Երևանը՝ դեռ կավաշեն, ապա տուֆակերտ մեր մայրաքաղաքը։ Նա էր լուսաբանում  մայրաքաղաքում, և ոչ միայն, տեղի ունեցող շատ թե քիչ հիշարժան միջոցառումները։ Պատահական չէր, որ նրա երեք զավակներից երկուսը իրենց կյանքը նվիրել են ֆոտոլրագրությանը, ընդ որում եկել են «Արմենպրես», որտեղ մի քանի տասնամյակ արդեն աշխատում էր նրանց հայրը»։

Սփյուռք

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով հուլիսի 14-ին հայտարարել էր թուրքական բանտից փախուստի մասին, ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Հունաստանի իշխանություններին:Այս մասին մտավորականն ասաց «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում: Նա հայտնեց, որ գործընթացը բարեհաջող կերպով ավարտին հասցնելուց հետո կցանկանար այցելել Հայաստան: Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը Հունաստանի իշխանություններից ստացել է ժամանակավոր կեցության իրավունք: Հունաստանի ապաստան տրամադրելու գրասենյակը մտավորականին ժամանակավոր կեցության թույլտվություն է տրվել վեց ամսով:

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ պատրիարքարանի դահլիճում Եկեղեցական համագումար ժողով է գումարվել: Ժողովական հայրերը միաձայն հաստատել են պատրիարքական տեղապահ Բեքչյանի ստորագրության լիազորությունը: Այսուհետ, Պատրիարքական տեղապահն է կրելու պաշտոնական մարմինների և դրամատների ստորագրության միակ իրավունքը:

Միջազգային խճանկար

Իրանի կառավարությունը հավանություն Է տվել ներկայումս գործող դրամական միավորից՝ ռիալից, նորի՝ թումանի անցմանը: Երկրի նախարարների կաբինետի քարտուղար Մոհսեն Հաջի Միրզայեն նշել է: «Ներկայիս որոշումը նպատակամղված Է դրամական հաշվարկների պարզեցմանը»։

 Իրանը «Սիմորգ» հրթիռակրի հաջող փորձարկում է իրականացրել՝ արձակելով այն տիեզերք: Հրթիռակրի արձակումը նշանավորել է 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնիի անվամբ տիեզերակայանի բացումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ուսումնասիրել 33 բոսնիացիների՝ Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը, որոնք վերաբերում են Ադրբեջանում օտարերկրյա քաղաքացիների շահագործման, նախապես պայմանավորված գումարը չվճարելու, օտարերկրացիների անձնագրերը վերցնելու միջոցով տեղաշարժվելու իրավունքից զրկելու և մի շարք այլ դեպքերի:

Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են հակաօդային պաշտպանության C-400 համալիրների մատակարարման փաստաթղթերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք և Ռուսաստանի Դաշնությունն այս հարցում անհրաժեշտ բոլոր քայլերն արդեն ձեռնարկել ենք, ստորագրությունները դրված են, փառք Աստծո, C-400 համալիրները կտեսնենք մեր երկրում»,- ասել է Էրդողանը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց այն օրինագծին, որը նախատեսում Է ամերիկյան միակողմանի պատժամիջոցների խստացումը Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ: Այժմ փաստաթուղթը պետք Է քննարկեն Սենատում: Սպասվում Է, որ վերին պալատը նույնպես կընդունի այդ օրինագիծը, որը Կապիտոլիումի բլրին վայելում Է ինչպես Դեմոկրատական, այնպես Էլ կառավարող Հանրապետական կուսակցության լայն պաշտպանությունը: Այնուհետեւ փաստաթուղթը, որն ստացել Է «Օրենք պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» անվանումը, կդրվի Դոնալդ Թրամփի աշխատանքային սեղանին: Սպիտակ տունը վերջին օրերին ազդանշաններ Էր տալիս, թե Թրամփը պատրաստ Է ստորագրելու սույն օրինագիծը:

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը կբողոքարկվի դատարանում: Այս մասին հայտնել է Սաակաշվիլիի փաստաբան Պավել Բոգոմազովը: «Փաստաբանները պատրաստում են փաստաթղթերը Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին որոշումը բողոքարկելու համար»,- ասել է Բոգոմազովը: Նա հայտնել է, որ պաշտպանությունը հայց կներկայացնի դատարան անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո:

Եվրոպական հանձնաժողովը վիճաբանություններ առաջացրած դատական բարեփոխման պատճառով Լեհաստանի նկատմամբ պատժամիջոցային ընթացակարգ է սկսել։ Եվրահանձնաժողովը պաշտոնական ծանուցմամբ նամակ է ուղարկել Վարշավային, երբ հուլիսի 28-ին Լեհաստանում պաշտոնապես հրապարակվել է դատարանների աշխատանքի օրենքը:

Մշակույթ

Հուլիսի 24-ին 89 տարեկանում կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավար Վերա Հակոբյանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին Հայաստանի Հանրա­պե­տության վաստակավոր ար­տիստ Վերա Հակոբյանի մահ­վան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ցավակցություն է հայտնել սիրված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: 

Բոլիվուդյան կինոարտադրողները Հայաստանում հուլիսի սկզբից սկսել են գեղարվեստական ֆիլմի նկարահանում: Ֆիլմի ռեժիսորն է Սելվարա Գավանին: «Շարմ հոլդինգ»-ի գլխավոր պրոդյուսեր Լիլիթ Մարտիրոսյանն ասաց, որ նկարահանումները կշարունակվեն մինչև հուլիսի վերջ: «Գեղարվեստական ֆիլմը մելոդրամա է, որում ներկայացվում է սիրո պատմություն՝ մի տղայի և աղջկա մասին, ովքեր գալիս են Հայաստան սովորելու: Եկել են նկարահանող ողջ թիմով՝ մոտ 30 հոգի»,-ասաց Լիլիթ Մարտիրոսյանն ու հավելեց, որ այնուամենայնիվ, էպիզոդիկ դերերում կնկարահանվեն նաև հայ դերասաններ: 

Իրանի երեք խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Շիրազում, Մաշհադում, հուլիսի 23-29-ն անցկացվեց հայկական ֆիլմերի առաջին շաբաթը, որը նախաձեռնվել և կազմակերպվել էր Իրանում ՀՀ դեսպանության կողմից: ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված մի քանի տասնյակ ֆիլմերից ընտրվել էին Արամ Շահբազյանի, Արեն Վաթյանի, Վիգեն Չալդրանյանի, Միքայել Պողոսյանի և այլ հայ կինոռեժիսորների թվով 10 ֆիլմ, որոնց ցուցադրումը կազմակերպվել էր իրանական «Արվեստ և փորձառություն» մշակութային կազմակերպության կողմից:

Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել հայտնի հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200 ամյակին նվիրված հուշադրամ: Հուշադրամը թողարկվել է «Ուկրաինայի երևելի անձինք» շարքում՝ 35 հազար օրինակով: «Մեծ նկարչի ծննդյան 200 ամյակի կապակցությամբ հուշադրամի և նամականիշի թողարկումը վառ ապացույցն է նրա, որ պետությունը գնահատում է Հովհաննես Այվազովսկու ներդրումը համաշխարհային գեղանկարչության գանձարանում: Դա ցույց է տալիս նաև հայկական և ուկրաինական մշակույթների փոխադարձ հարստացման ֆենոմենը»,- ասել է ուկրաինացի պատմաբան, տեսաբան Մաքսիմ Ցարենկոն: Ուկրաինայի փոստային կապի «Ուկրփոստ» ազգային օպերատորը աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել: Փոստային նամականիշը շրջանառության մեջ կմտնի 140 հազար օրինակով, իսկ գեղաթերթիկը՝ 36 հազար օրինակով: Նամականիշի և գեղաթերթիկի դիզայնի հեղինակը Վասիլի Վասիլենկոն է:

Եզրափակվեց Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը: Փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 25-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում:  Ելույթներով հանդես եկան Չեխիայից Հայաստան ժամանած «Gats in the Coats» խումբը, որը ներկայացրեց «Absurdettes» բեմադրությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, որը հանդես եկավ «Անքնություն» ներկայացմամբ: «Հիանալի է, որ մեր ժողովուրդը հնարավորություն է ունենում ծանոթանալու թատերական աշխարհին, տեսնելու գեղեցիկը: Շեշտեմ, որ փառատոնի շնորհիվ Երևանի մնջախաղի պետական թատրոնի սիրահարների քանակը զգալիորեն ավելացել է: Հուսամ՝ հռչակավոր Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող փառատոնը գեղեցիկ, բարի, դրական լիցքեր հաղորդեց մեր հասարակությանը»,- նշեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը: Նա հավելեց, որ այս տարի փառատոնին մասնակցել են 13 մնջախաղացներ և խմբեր աշխարհի 6 երկրներից՝ ցուցադրելով բազմազան ու բազմաոճ 20 ներկայացումներ:

Օֆելյա Համբարձումյանի հիշատակին նվիրված  հուշարձանը սիրո մի կաթիլն է, որ հայ ժողովուրդը տածում է երգչուհու հանդեպ: Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում կայացավ հուշարձանի բացման արարողությունը: Ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Սպորտ

«Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ամին Բասսեմը, ով 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց Մանուէլ Պետրոսյանը, ով 5 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Պետրոսյանը լրացրեց գրոսմայստերի նորմա, որն արդեն թվով երրորդն էր Մանուէլի համար: ՖԻԴԵ-ի հոկտեմբերին կայանալիք կոնգրեսում նրան պաշտոնապես կշնորհվի կոչումը:

«Սանտ Մարտի 2017» միջազգային մրցաշարում  7.5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: 7 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Կուանտաս Խայմե Ալեքսանդրը:

 «ԱՄՆ - Աշխարհ» պատանեկան հավաքականների շախմատային մրցախաղի 3-րդ օրը աշխարհի պատանեկան հավաքականի առաջատար Հայկ Մարտիրոսյանը (2544) կարևոր հաղթանակներ է տոնել ԱՄՆ ուժեղագույն պատանի շախմատիստների՝ Ջեֆֆրի Սյունի (2646) և Սամուել Սևյանի (2633) նկատմամբ:

Ձյուդոյի Հայաստանի հավաքական անդամ Ֆերդինանատ Կաապետյանը բրոնզե մեդալ է նվաճել  Մինսկում ընթացող European Judo Open ձյուդոյի միջազգային մրցաշարում։

Չեմպիոնների գավաթ միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցեց Մադրիդի  «Ռեալ»-ի հետ: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ կեսում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց հետխաղյա 11 մետրանոց հարվածներով՝ 2:1ՙ Հաջող հարվածներից մեկն իրացրեց Հենրիխ Մխիթարյանը:

Կոտ դը Իվուարում ընթացող ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ: Խաչատուր Պապիկյանը (70 կգ) դարձել է ոսկե մեդալակիր, Վարուժան Կոջոյանը (74 կգ) և Մխիթար Գրիգորյանը (57 կգ) նվաճել են արծաթե, իսկ Վաղինակ Մաթևոսյանը (65 կգ) և Աշոտ Վելիցյանը (61 կգ)՝ բրոնզե մեդալներ: Հուլիսի 24-ին մրցահարթակ դուրս կգա 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը: Արծաթե մեդալ է նվաճել նաև 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Գենիկ Ասատրյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գենիկ Ասատրյանը երրորդ տեղի համար պայքարում մրցել է ադրբեջանցի մարզիկի հետ: Ասատրյանը 3:1 հաշվով հաղթել է Ռամիզ Հասանովին:

 Հայ մարզիկները 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերում արդեն նվաճել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Ժորա Գրիգորյանը (71 կգ), Արարատ Սարգսյանը (75 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (80 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ, իսկ ձյուդոյիստ Ռոբերտ Գևորգյանը (60 կգ) նվաճել է արծաթե մեդալ: Սարգիս Սարգսյանը (57 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում դարձել է բրոնզե մեդալակիր:

Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան հրապարակել է օլիմպիական հավաքականի կազմը, որը մասնակցելու է Sochi Hockey Open մրցաշարին: Հրավիրվածների թվում է նաև «ԲՄԱ-Նևայի» հայազգի հարձակվող Անդրեյ Ալտիբարմակյանը:

 

Արմենպրես, շաբաթ, ամփոփում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am