Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին

Armenpress 18:03, 19 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Հարգելի՛ պարոն Սահակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Պետական կառավարման մարմինների ժողովրդավարական և սահուն ձևավորման ընթացքը վկայում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու օգտին կատարած ընտրության անշրջելի բնույթը: Դա մարդու հիմնարար իրավունքները և ազատություններն անշեղորեն իրագործելու ուղին է: Այդ ճանապարհին Արցախի աննկուն և քաջարի ժողովրդի ստեղծած հանրապետությանն ապագայում ևս սատարելու և աջակցելու են Հայաստանի պետական բոլոր կառույցները և աշխարհասփյուռ ողջ հայությունը: Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք Ձեր ազնիվ ծառայությունը մատուցել Արցախին՝ հանուն մեր ընդհանուր առաջընթացի և բարօրության: Խաղաղասեր և հերոսական մեր ժողորվրդի արշալույսները թող մշտապես խաղաղ լինեն»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am