Դավիթ Հարությունյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի նիստին

Armenpress 17:52, 18 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար, Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ հուլիսի 18-ին տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի նիստը: Վերջինի ընթացքում հայտարարվել է «Աջակցություն Հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ իրագործելու և ընդերքօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագրի մեկնարկը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին նոր ծրագրին աջակցելու համար և նշել, որ արդեն իսկ հաստատվել է 2017-2018 թվականների աշխատանքային ծրագիրը, որում կարևոր տեղ են զբաղեցնում օրենսդրական ու ինստիտուցոնալ հիմքերի վերհանման վերաբերյալ  ուսումնասիրությունները:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել բազմաշահառու խմբի նիստի ներկայացուցիչներին ու կարևորել  ծրագրի մեկնարկը, որն, ըստ դեսպանի, կարող է երկկողմանի արդյունք ապահովել: «Մենք պատրաստ ենք աջակցելու ծրագրի իրագործմանը, մենք հավատում ենք, որ այն կտա սպասված արդյունքը, որով կբարձրացնենք ոլորտի վերաբերյալ տեղակատվության թափանցիկությունն ու կարողությունը»,- ընդգծել է դեսպանը:

Ծրագրի շրջանակում կուսումնասիրվեն ոլորտը կարգավորող օրենսդրությունը, ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման և գրանցման առանձնահատկությունները, պայմանագրերը հանքարդյունահանող կազմակերպությունների հետ, ինչպես նաև հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտմանն առնչվող հարցեր:

 Նիստի ավարտին ԲՇԽ անդամները քննարկել են մի շարք այլ հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am