Գավառի երաժշտական դպրոցի սանը մրցանակակիր է դարձել միջազգային մրցույթ- փառատոնում

Armenpress 21:59, 17 Հուլիս, 2017

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սան Լուսինե Չանդոյանը մասնակցել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ու Առնո Բաբաջանյանի անվան պետական քոլեջի կողմից կազմակերպված Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ- փառատոնին եւ արժանացել հատուկ մրցանակի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, Լուսինե Չանդոյանը մրցույթին ներկայացել է Առնո Բաբաջանյանի «Մեղեդի», Ժ. Ռավինայի «Մանկական զվարճանք» եւ Ֆ. Լիստի «Թախծոտ տափաստան» ստեղծագործությունների կատարմամբ: «Մրցույթին մասնակցեցին 8 երկրների 3 տարիքային խմբերի դաշնակահարներ: Իր տարիքային խմբում Լիլիթը հանդես եկավ լավագույնս եւ պարգևատրվեց դիպլոմով, մասնակցության վկայականով, ինչպես նաեւ արժանացավ դրամական խրախուսանքի: Մրցույթին մասնակցում էին Հայաստանի, Արցախի, Ղազախստանի, Իրանի, Էստոնիայի, Սիրիայի պատանի եւ երիտասարդ դաշնակահարները: Նման դժվարին մրցույթում հատուկ մրցանակի արժանանալը լուրջ ձեռքբերում ենք համարում եւ հետագա փառատոններում ավելի հեղինակավոր մրցանակների ձեռքբերման գրավական, իսկ Լուսինեի համար կանխատեսում ենք միջազգային մեծ ճանաչում»,-ներկայացրեց Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանը: Մրցանակակրին հանդիսավորությամբ են դիմավորել հարազատ կրթօջախում եւ հայրենի քաղաքում:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am