1000х90.jpg (78 KB)

Գավառի կենտրոնական հրապարակի շինարարությունը հիմնովին կավարտվի այս տարվա հոկտեմբերին

Armenpress 21:13, 17 Հուլիս, 2017

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա մայիս ամսից վերսկսվել եւ լայն թափով շարունակվում են Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի վերակառուցման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքներն իրականացնում է «Նոր Բայազետի զարգացման համայնքային բարեգործական հիմնադրամը»՝ համայնքի բյուջեի միջոցներով: Հիմնադրամի տնօրեն Արման Մարուխյանի հավաստմամբ՝ նախորդ տարիների ընթացքում արդեն իսկ կատարվել են ջրավազանի հիմնանորոգման, էլեկտրական եւ ջրահեռացման համակարգերի անցկացման, կանաչապատման եւ սալիկապատման աշխատանքներ: «Չորս հազար քառակուսի մետր սալիկապատվող տարածքից մնացել է սալիկապատելու շուրջ 50 քառակուսի մետր, որը կավարտվի առաջիկա շաբաթների ընթացքում:Սալիկապատման աշխատանքներին զուգահեռ կատարվում է նաեւ կանաչապատ տարածքի եւ ծառերի խնամք: Միաժամանակ իրականացվում է ջրավազանի եզրաքարերի ամրացում»,-ներկայացրեց հիմնադրամի տնօրեն Արման Մարուխյանը:

Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանի հավաստմամբ՝ այս տարի համայնքային բյուջեից 34 միլիոն դրամ է հատկացվել հրապարակի վերակառուցման համար , իսկ միջոցների առկայության դեպքում սալիկապատումն ավարտելուց հետո հրապարակում նախատեսվում է տեղադրել էլեկտրական լուսասյուներ, նստարաններ ու աղբամաններ: Իսկ հրապարակում աշխատանքները կշարունակվեն մինչեւ հոկտեմբեր ամսվա վերջ:«Այս տարվա ընթացքում կաշխատենք ավարտել շինարարական աշխատանքները: Եկող տարվա ընթացքում եւս կենտրոնական հրապարակում կիրականացվեն աշխատանքներ, բայց արդեն դրանք կլինեն կահավորման եւ տեխնիկական բնույթի աշխատանքներ»,-ներկայացրեց Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am