Ոստիկաններն ու քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին

Armenpress 18:04, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 17-ի առավոտից ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գունդ չի դադարում քաղաքացիների հոսքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանության երեք աշխատակիցների հիշատակին իրենց հարգանքի տուրքն են գալիս մատուցելու քաղաքացիները և ոստիկանության ծառայողները, ինչպես նաև հասարակական, քաղաքական գործիչները: Զոհված ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել նաև ՀՀ ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանը: Հոգևոր դասը հոգեհանգստյան կարգ է կատարել: ՊՊԾ գնդում տեղի է ունեցել նաև ոստիկանության ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթ: Պատվո պահակախումբն ու նվագախումբը ոգեկոչման արարողությանը առանձնահատուկ խորհուրդ էին հաղորդել:

ՊՊԾ գնդի շենքի դիմաց տեղադրվել է զոհված ոստիկանների հիշատակին նվիրված հուշաքար, որի մոտ մարդիկ մոմեր են վառել եւ ծաղիկներ:

2016թ. հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք ներխուժեցին ՊՊԾ գունդ: Նրանք գունդը գրավված են պահել մինչև հուլիսի 31-ը՝ մի քանի օր պատանդ պահելով ներսում գտնվող իրավապահներին, հետագայում նաև՝ օգնության հասած բժիշկներին:

Ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից հուլիսի 30-ին զոհվել էր ոստիկանության զորքերի զինծառայող, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը: Օգոստոսի 13-ին մահացել էր Պարեկապահակային ծառայության գնդի գրավման օրը` հուլիսի 17-ին, վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am