1000х90.jpg (78 KB)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները Ադրբեջանին չեն զսպում. քաղաքագետ

Armenpress 16:10, 17 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններով պայմանավորված իրատեսական չէ ակնկալել որեւէ արդյունք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ անդրադառնալով  «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության հետ:

«Կարծում եմ՝ Նախագահի հարցազրույցը բավականին բազմակողմանի էր եւ ընդգրկում էր գոնե հանրության համար հետաքրքիր հիմնական ոլորտները. դա կլինի երկրի տնտեսական վիճակը,  ՀՀ զինված ուժերի կարողությունները, հայկական բանակի մարտունակությունը, վերջին շրջանում ձեռք բերված սպառազինությունը, ղարաբաղյան հակամարտության առկա իրավիճակը եւ այլն: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  գործունեության վերաբերյալ արված հայտարարությունը շատ հստակ էր, քանի որ համանախագահների շրջանում որեւէ մեկի համար  գաղտնիք չէ, որ նախահարձակ կողմը հենց Ադրբեջանն է: Նրանք այս մասին տեղեկություն են ստանում այդ թվում նաեւ հայկական կողմի ակտիվ  աշխատանքի  միջոցով, որովհետեւ ցանկացած խախտման դեպքում զեկուցվում է եւ տրամադրվում են փաստեր, հատկապես վերջին շրջանում հանրային շրջանառության մեջ դրվեցին նաեւ տեսանյութեր, որոնք հասանելի են նաեւ համանախագահներին»,-ընդգծեց նա:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ համանախագահների հայտարարությունները, ցավոք, չեն զսպում Ադրբեջանին, որին բնավ չի կաշկանդում այն, որ նրան անվանում են մեղավոր կողմ:

«Հայկական կողմն ունի որոշակի ակնկալիքներ, որ Մինսկի խումբն ավելի վճռական դիրքորոշում կունենա, եւ կարծում եմ՝ պատահական չէր, որ այդ մասին վերջերս հայտարարեց նաեւ հենց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայկական կողմը իսկապես հիմնավոր ձեւով առավել կոնկրետ քայլեր է պահանջում»,-ասաց նա:

Նարեկ Մինասյանը նաեւ անդրադարձավ հայ ռուսական հարաբերություններին, մասնավորապես՝ Նախագահի հարցազրույցի այն հատվածին, որտեղ նա ասում է, որ  Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հայ-ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմն է:

«Միանշանակ, այս հարցը հայ-ռուսական հարաբերությունների զգայուն խնդիրներից է, եւ բնականաբար հայկական կողմը եւ դիվանագիտական, եւ անձնական հանդիպումների ժամանակ բազմիցս իր մտահոգությունն է արտահայտում այս հարցում. հայկական կողմի դիրքորոշումը եւս շատ հստակ է:  Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին մի քանի հետեւանքներ ունի. առաջինը հենց հոգեբանական է: Նույն հայ զինվորը գիտակցում է, որ իր ուղղությամբ կրակում են ռուսական զենքից, եւ Ռուսաստանը համարվում է մեր դաշնակիցը, հետեւաբար տրամաբանության մեջ առաջանում է ինչ-որ խզվածք: Մտահոգիչ է նաեւ հարցի ռազմական կողմը, այսինքն՝ ինչ տեսակի զենք է այն վաճառում.  եթե զենքը հարձակողական է, ապա դա առաջին հերթին լուրջ  մարտահրավեր է հենց Հայաստանի Հանրապետության,  ինչպես նաեւ Արցախի անվտանգության համար:  Դրա հետ կապված՝ հայկական կողմը աշխատանքներ  է տանում: Մյուս կողմից էլ հետաքրքիր է Նախագահի այն մոտեցումը այն հարցին, որ զգացմունքայնությունը չպետք է դառնա գերակշռող, եւ բավական ռիսկային են զգացմունքային հայտարարությունները, քանի որ դրանք տանում են մեկուսացման: Պետք է   ռացիոնալ, սառը դատել եւ փորձել սերտ աշխատանքի միջոցով հասնել սեփական շահերի պաշտպանության»,-եզրափակեց Նարեկ Մինասյանը:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am