Հովհաննես Բաչկով. Եվրոպայի չեմպիոն դարձա թիմային համախմբվածության շնորհիվ

Armenpress 14:16, 27 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջնությունում հաղթանակը կապում է թիմային միավորված աշխատանքի հետ:

«Բոլորին էր հայտնի, որ ինչ-ինչ պատճառներով չէր հաջողվում հաջողության հասնել Եվրոպայի և այլ առաջնություններում: Այս անգամ ավելի լավ մարզավիճակում էի և ուրախ եմ, որ մրցավարները իմ նկատմամբ արդար էին: Թիմային համախմբվածության շնորհիվ դարձա Եվրոպայի չեմպիոն: Ցանկություն ունեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելու, սակայն առաջիկայում աշխարհի առաջնությունն է, և պետք նախապատրաստվենք այդ պատասխանատու մրցումներին: Ամեն դեպքում՝ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելս հետաձգվեց և մնաց աշխարհի առաջնությունից հետո: Օլիմպիական խաղերից հետո նորից շարունակեցի մնալ սիրողական բռնցքամարտում, քանի որ այն միտքը, թե  առանց մեդալի եմ, ինձ հանգիստ չէր տալիս: Ուզում էի, որ այս տանջանքը, քրտինքը, որ տարիներ շարունակ թափվում էին, գնահատված լինեին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաչկովը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի երկու մարզիկով` Հովհաննես Բաչկով և Կարեն Տոնականյան:

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը մրցում էր անգլիացի Լյուկ Մաքկորմակի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:  Հովհաննես Բաչկովը 24 տարեկան է, ծննդով՝ գյումրեցի: Մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Բռնցքամարտով զբաղվում է 7 տարեկանից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am