Արարատի մարզպետարանն ու Սուրենավանի գյուղապետարանը հերքում են օձի խայթոցից 17-ամյա աղջկա մահվան լուրը

Armenpress 13:36, 27 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետարանը, Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը, մարզի բուժհաստատությունները հերքում են Սուրենավանում օձի խայթոցից 17-ամյա աղջկա մահվան լուրը:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ նման դեպի վերաբերյալ ահազանգ չեն ստացել: Օձի խայթոցի հետ կապված դեպք տեղի է ունեցել հունիսի 17-ին, սակայն տվյալ անձը հիվանդանոցում բուժօգնություն է ստացել և չի մահացել:

Նման տեղեկատվություն «Արմենպրես»-ին հաղորդեց նաև «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը: «Մեր բժշկական կենտրոնն է սպասարկում Սուրենավանն ու շրջակա համայնքը: Մամուլում տեղեկատվությունը շրջանառվելուց հետո դուրս ենք բերել վերջին օրերի դեպքերի ցանկը, նման դեպք չունենք: Վերջերս մեկ դեպք է եղել օձի խայթոցի հետ կապված, մեզ մոտ բերվել է 24-25 տարեկան կին, ով համապատասխան բուժում է ստացել և դուրս գրվել, նա չի մահացել»,-ասաց Արայիկ Սարդարյանը: Օձը խայթել էր տվյալ կնոջ ձախ ոտքը: Արայիկ Սարդարյանը փոխանցեց, որ ընթացիկ տարում օձի խայթոցի  5 դեպք են ունեցել, տուժած անձինք համապատասխան բուժօգնություն ստացել են և դուրս գրվել, որևէ խնդիր չի եղել:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին ևս տեղեկացրեցին, որ Սուրենավան գյուղի դեպքի մասին, որևէ տեղեկություն չունեն: Նման ահազանգ չի ստացվել:

Սուրենավանի դեպքի վերաբերյալ հրապարակված տեղեկատվության մեջ նշվում էր, որ 17-ամյա աղջիկը Արմավիրի մարզից էր, Սուրենավան էր գնացել ծիրան հավաքելու: Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից մեզ հետ զրույցում ասացին, որ նման դեպքի վերաբերյալ որևէ ահազանգ չունեն:

Արմաշի գյուղապետը, ով դեպքի վերաբերյալ այդ տեղեկատվությունը հաղորդել էր լրատվամիջոցներին, մեզ հետ զրույցում չհաստատեց տեղեկությունը, միայն փոխանցեց. «Այդպես են ասում»:

Արարատի մարզպետարանից էլ պատասխանեցին, որ պատասխանատու բոլոր օղակների հետ զրուցելուց հետո պարզ է դարձել, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am