Սպասվող լրահոս. 27.06.2017

Armenpress 09:06, 27 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ազգային ժողովում այսօր` հունիսի 27-ին, կանցկացվի տնտեսական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն էներգետիկայի, կապ, տրասնպորտի, ադրյունաբերության ոլորտի գերատեսչությունները: Այսօր կտրվի Գյումրի քաղաքի բրենդի մշակման ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել Գյումրու մշակութային և տնտեսական զարգացմանը: Ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է Deem Communications PR և մարքեթինգային ընկերությունը որպես իր ներդրում՝ համագործակցելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Գյումրու համայնքապետարանի հետ: ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Կներկայացվեն երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության, սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև՝ սիրիահայ գործարարների գործունեության և միության առաջիկա ծրագրերը: Կքննարկվեն սիրիահայերի հետ տարվող աշխատանքներին վերաբերող ընթացիկ հարցեր: Երևանում կանցկացվի «S.O.S. Սևան» նախաձեռնության կլոր սեղան-խորհրդակցություն, որի ընթացքում կմեկնարկի ստորագրահավաք Սևանա լճից հավելյալ ջրառի դեմ: Կմասնակցեն «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, Գեղարքունիքի մարզի «Բլեջան» ՀԿ նախագահ Լիաննա Ասոյանը, «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա» ՀԿ նախագահ Սաթիկ Բադեյանը և այլք:

Մի քանի դատական գործերից. ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա Ամուլսարի հանքավայրի հարցով հերթական դատական նիստը։ Հայցվոր կողմի փաստաբանն է Հայկ Ալումյանը: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում էլ տեղի կունենա Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:

Հուլիսի 22-26-ը Ծաղկաձորում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային VI փառատոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ԵՄՊԹ գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը կներկայացնեն մանրամասներ սպասվող փառատոնի մասին:

Մեկ այլ փառատոնի մասին: Հունիսի 29-ից հուլիսի 9-ը կանցկացվի Երևանյան կիթառի միջազգային 3-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Փառատոնի կազմակերպիչներն են Երևանի կիթառահարների և Կիթառի միջազգային փառատոնների ասոցիացիաները: Փառատոնի կազմակերպիչները կներկայացնեն ծրագիրն ու մասնակիցներին:

Սպորտային անցուդարձից: Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, ծանրամարտի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ծանրամարտի կանանց երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սոնա Պողոսյանը կամփոփեն ծանրամարտի երիտասարդների առաջնությանարդյունքները, կներկայացնեն առաջիկա անելիքները:

Լրագրողների հետ կհանդիպեն նաև բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը և Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Կանդրադառնան Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկների ելույթներին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am