1000х90.jpg (78 KB)

Սպասվող լրահոս. 23.06.2017

Armenpress 09:25, 23 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Միացյալ Թագավորության կառավարությունը նախատեսում է իրականացնել ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր: Այդ նպատակով այսօր` հունիսի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը կստորագրեն նամակ-համաձայնագիր: Ծրագրի անմիջական իրականացնողը ՀՀ Ազգային ժողովում կլինի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը:

Այսօր կհաստատվի նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը: Հարցը նրերառված է այսօր կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում: 

Եվրասիա միջազգային համալսարանում կանցկացվի երիտասարդ գիտնականների ամենամյա միջազգային 2-րդ համաժողովը: Երկօրյա համաժողովի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններից  ժամանած բազմաթիվ երիտասարդ գիտնականներ  իրենց կատարած հետազոտությունները կներկայացնեն Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության և Հայաստանի անվտագության հարցերում մասնագիտացած փորձառու գիտնականներին և վերլուծաբաններին՝ ստանալու նրանց մասնագիտական գնահատականը:

Մեկ այլ գիտաժողովի մասին: ԵՊՀ-ում կանցկացվի «Կիսահաղորդչային միկրո և նանոէլեկտրոնիկա» խորագրով միջազգային 11-րդ երկօրյա գիտաժողովը: Միջազգային գիտաժողովին կմասնակցեն հայ և արտերկրից ժամանած շուրջ 60 գիտնական` Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան: Կմասնակցեն ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ-ի և համակազմակերպիչ ընկերությունների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչները:

Ազգային ժողովը հավանություն է տվել կառավարության գործունեության ծրագրին: Կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցին կողմ է քվեարկել 64, դեմ՝ 31 պատգամավոր: Դեմ են քվեարկել Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները: Այսօր հասարակական, քաղաքական մի շարք գործիչներ կներկայացնեն իրենց դիտարկումները կառավարության ծրագրի վերաբերյալ:

Ազատության հրապարակում կկայանա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ՊՆ ռազմական  նվագախմբի բացօթյա համերգը: Հունիսի 21-ին նվագախումբը վարպետության դասընթացներ է անցկացրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում «AMEN Project» ընկերությունը ներկայացնում է «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու-ներկայացման պրեմիերան։ «Ամեն» շոու-ներկայացումը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ իր բացառիկ դերին։ «Ամեն» շոուն էպիկական դրամա է հայ ժողովրդի պատմական ճամփորդության մասին՝ նրա ծագման ու հավատքի, մշակութային կողմնորոշիչների և արժեքների մասին:

«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում կներկայացվի վերջերս ներկրված էլեկտրական, էկոլոգիական և տնտեսապես շահավետ նոր տրանսպորտային միջոց: Ներկա լրագրողներին հնարավորություն կտրվի անձամբ վարել մեքենան ու ծանոթանալ Nissan Leaf էկոմոբիլի առանձնահատկություններին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am