1000х90.jpg (78 KB)

Ինջիրլիքից Գերմանիայի զինվորների դուրսբերումը կանդրադառնա Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա. թուրքագետ

Armenpress 15:21, 22 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Ինջիրլիք ռազմաբազայից Գերմանիայի զինվորների ու սպառազինության դուրսբերումն իր բացասական ազդեցությունը կթողնի նաև Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը, վերջին շրջանի գերմանա-թուրքական հարաբերությունների ճգնաժամում կողմերը այդպես էլ չկարողացան համաձայնության գալ: Թուրքիան հաստատակամ մնաց իր դիրքորոշման մեջ, ինչը ստիպեց Գերմանիային դուրս գալ Ինջիրլիքի ռազմաբազայից:

«Թուրքիան միշտ փորձում էր Ինջիրլիքը որպես խաղաքարտ օգտագործել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ հարաբերություններում: Մանևրելու տեսանկյունից Ինջիրլիքը կարևոր խաղաքարտ էր Թուրքիայի համար: Ինջիրլիքի գործոնը կարևոր էր նաև Գերմանիայի համար, բայց, ամեն դեպքում, նա որոշեց դուրս բերել իր զինվորներին: Գերմանիան այլընտրանք ունի, և առաջիկայում փոխարինող երկիրը կլինի Հորդանանը: Սրանով Թուրքիային ցույց տվեցին, որ այդ խաղաքարտն այլևս չի աշխատի: Թուրքիան, կարող ենք ասել, վա-բանկ գնաց՝ փորձելով ցույց տալ իր վճռականությունն ու կշիռը, ինչը, սակայն, իր քաղաքական հետևանքները դեռ  կունենա: Գերմանիան և ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ նման վարքագիծը քաղաքական առումով անպատասխան չեն թողնի»,-ասաց Լևոն Հովսեփյանը:

Թեպետ Ինջիրլիքի ռազմաբազան թուրքական սուվերենության ռազմաբազա է և չի գտնվում ՆԱՏՕ-ի իրավասության ներքո, այդուհանդերձ, Լևոն Հովսեփյանը կարծում է, որ քաղաքական առումով այս գործընթացը  տեղավորվում է ՆԱՏՕ- Թուրքիա համագործակցության շրջանակում: Գերմանիան ՆԱՏՕ-ի առանցքային դերակատարներից է, և նրա այս քայլը, ըստ թուրքագետի, կարող է նախադեպ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների համար:

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-Թուրքիա, Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում խնդիրները բավական շատ են, բավական լուրջ են: Գերմանիայի այս քայլը քաղաքական առումով իր ազդեցությունն ունենալու է ոչ միայն երկկողմ հարաբերությունների ձևաչափում, այլ նաև ՆԱՏՕ-ի համատեքստում»,-հավելեց թուրքագետը:

Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունել ետ կանչել իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից: Որոշման օգտին քվեարկել են 569 պատգամավորից 461-ը, դեմ՝ 85-ը, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ են մնացել: Այդպիսով, պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակը իր զինվորներին դուրս է բերելու ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխելու է մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի ռազմաբազա: 

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am