Հայաստանում առաջին անգամ կստեղծվի դպրոցական անտառպետություն

Armenpress 17:38, 19 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի-Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում Նոյեմբերյանի անտառտնտեսության Կողբ վարչական  տարածքում ստեղծվելու է «Մշկավանք» դպրոցական անտառպետություն:  Առաջին անգամ Հայաստանում ստեղծվող դպրոցական անտառպետության կառավարումը հանձնվելու է հարակից համայնքի դպրոցների աշակերտներին, ովքեր ոչ միայն կզբաղվեն անտառի կառավարմամբ և պահպանմամբ, որն էկոկրթական բաղադրիչ է ներառում, այլև անտառի պտուղների և մրգերի վաճառքով, ինչից առաջացած հասույթով կլուծեն դպրոցների և սոցիալապես անապահով աշակերտների խնդիրները:

«Դպրոցական անտառպետության ստեղծման հիմնական նպատակն է դպրոցականների մոտ սերմանել հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ, բարձրացնել բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ նրանց տեղեկացվածության մակարդակը, արդյունքում` անտառի նկատմամբ ձևավորել հետաքրքրություն, ապագայում՝ համալրելու անտառի մասնագետների շարքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Իջևանի անտառտնտեսությունների կառավարման պլանների վերանայման ծրագրի համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը:

Նրա խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածքի կառավարումը հիմնականում իրականացվելու է դպրոցների համապատասխան աշխատակիցների և դպրոցականների կողմից, նախապես չափագրված և սահմանազատված ընդհանուր 338 հա տարածքի համար պատրաստվել է դպրոցական անտառպետության կառավարման պլան համապատասխան տեղեկատվական և քարտեզագրական նյութերով:

«Կառավարման պլանի մշակման ընթացքում իրականացվել են կենսաբանական և գենետիկական ռեսուրսների /բնափայտ, անտառային պտուղներ և հատապտուղներ, ուտելու բույսեր, դեղաբույսեր, և այլն/ գույքագրում և գնահատում, գույքագրվել են բնական և մշակութային ժառանգության օբյեկտները, դիտարկվել են արգելավայրի տարածքում տուրիզմի և ռեկրեացիայի զարգացման հնարավորությունները»,- նշեց Ղուլիջանյանը:

Մինչև 1990-ական թվականները խորհրդային երկրում գործել են շուրջ 9000 դպրոցական անտառպետություններ, որոնցում ներգրավված են եղել մոտ 430 հազար  աշակերտներ: Հայաստանում դպրոցական անտառպետություններ  ստեղծվել են 5-6 անտառտնտեսություններում, նույն թվում` Նոյեմբերյանի անտառտնտեսությունում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am