Տուլայի ավտովթարից տուժած երեխաներից մեկի վիճակը միջին ծանրության է


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի և երթուղային միկրոավտոբուսի (որում եղել է 20 ուղևոր) բախման հետևանքով տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ: Վիրավորներից 6­ը տեղափոխվել է Ստուպինո, 3­ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Տուլայում բժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է: Նրանց բուժօգնությունն իրականացվում է Տուլայի հիվանդանոցում, երեխաներինը` Տուլայի շրջանային մանկական կլինիկական  հիվանդանոցում և Տուլայի Վանիխինի անվան հիվանդանոցում: 2-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար, երեխաներից մեկինը` միջին ծանրության:

Նշենք, որ բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ:

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am