Ուկրաինայի հայերի միությունը Կիևում մի շարք միջոցառումներ է անցկացրել

Armenpress 14:59, 17 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հունիսի 16-ին կայացել է «Հայկական խաչքարեր» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է analitikaua.net կայքը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցելուց հետո տարածքային հայկական համայնքների ղեկավարները Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ ծանոթացել են Ուկրաինայի մայրաքաղաքում ապագա հայկական գլխավոր եկեղեցու շինարարական աշխատանքներին: Նրանք մանրամասն ծանոթացել են շինարարության ընթացքին:

Օրվա հիմնական միջոցառումը եղել է Ուկրաինայի հայերի միության կոնֆերանսը, որն անցկացվել է «Կիև» հյուրանոցում: Կոնֆերանսին մասնակցել են Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի  թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը, Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, խաչքարերի վարպետ Արտակ Համբարձումյանը, տարածքային հայկական համայնքների ղեկավարները, Ուկրաինայի հայերի միության երիտասարդներ, հոգևորականներ:

Կոնֆերանսի ընթացքում Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ամփոփել է տարածքային հայկական համայնքների աշխատանքները 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում: Ուկրաինայի հայերի միության երիտասարդական թևի համանախագահ Հովակիմ Հարությունյանը ներկայացրել է նախապատրաստվող մի շարք երիտասարդական ծրագրեր, որոնց թվում՝ առաջին հայկական երիտասարդական ֆորումը, որը կանցկացվի Կիևում 2017թ.:

Կոնֆերանսի մասնակիցներին ներկայացվել է «Խաչ-Քար»  կարճամետրաժ դոկումենտալ ֆիլմը, որը պատմում է խաչքարերի վարպետ Արտակ Համբարձումյանի մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am