Սպասվող լրահոս. 15.06.2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Կառավարությունը կքննարկի ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին նախագիծը: Հարցը ներառված է գործադիրի այսօր` հունիսի 15-ին, կայանալիք կառավարության նիստի օրակարգում:
Այսօր Երևանի երկաթուղային կայարանից կմեկնի Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող այս տարվա առաջին գնացքը: Երկաթուղային ուղևորափոխադրումների ամառային սեզոնի բացման առիթով կայարանում կկայանա «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանի մամուլի ասուլիսը, որից հետո գնացքը կշարժվի դեպի Բաթումի:
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա լոնդոնաբնակ հեքիաթագիր Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը: Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես կգա նախարար Հրանուշ Հակոբյանը: 3-13 տարեկան երեխաների համար գրած Նունեի հեքիաթները հրատարակվել են անգլերեն, ռուսերեն եւ ուկրաիներեն լեզուներով: Հեքիաթները շուտով լույս կտեսնեն նաեւ արեւմտահայերենով:
ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կկայանա Աստղային դարպասների բացման արարողությունը: Ծրագրում նախատեսվում է նաեւ այցելություն տարածաշրջանի խոշորագույն 2.6մ դիտակ, Վ.Համբարձումյանի տուն-թանգարան:
Եվրոպայի խորհուրդը կազմակերպում է «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը և հետագա քայլերը» վերտառությամբ համաժողով: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017թթ. Ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև «Հանուն օրենքի» հասարակական շարժման նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցները հանդես կգան հայտարարությամբ՝ Հայաստանում գործող բիոլոգիական լաբորատորիաների վերաբերյալ, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ Պաշտպանության նախարարության կողմից:
Այս տարվա հունիսի վերջին պեղումներ կսկսվեն Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի Վաճառի Սուրբ Ստեփաննոսի դամբարանում: Լրագրողների հետ հանդիպմանը Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը կներկայացնի մանրամասներ սպասվող աշխատանքների մասին:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: