Սպասվող լրահոս. 08.06.2017

Armenpress 09:18, 8 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Հայաստանի և Թուրքմենստանի կառավարության միջև կկնքվի զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցն ընդգրկված է այսօր` հունիսի 8-ին, կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում: Գործադրի այսօրվա օրակարգում ընդգրկված է երեք տասնյակից ավելի հարց: 

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների առաջին դատական նիստը:

Երևանում կանցկացվի «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի 5-րդ միջազգային կոնֆերանսը, որն իրականացվում է «Կանայք հանուն խաղաղության և կայունության: Խաղաղությունը սկսվում է քո տնից» խորագրով: Կոնֆերանսին ելույթ կունենան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիտ Մարգարեթ Ֆարնվորթը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Կլինեն բազմաթիվ հյուրեր արտերկրից, Արցախից ու Հայաստանի սահմանամերձ համայնքներից:

Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը հայ իրանագետների, փորձագետների քննարկման առանցքում է: Այսօր թեմային կանդրադառնան իրանագետներ Գոհար Իսկանդարյանն, Արտյոմ Տոնոյանը և տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը: Նշենք, որ հունիսի 7-ի առավոտյան Թեհրանում Իրանի խորհրդարանական համալիրի տարածք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա:  Ահաբեկիչները նման գործողություն են իրականացրել իմամ Խոմեյնիի թանգարանում:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում ընթերցասերներին կներկայացվի Գագիկ Սարգսյանի թարգմանությամբ Մովսես Խորենացի «Հայոց պատմություն» ռուսալեզու գրքի լրամշակված տարբերակը: Ելույթով հանդես կգան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը և գաղափարի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Կարեն Իգիթյանը։ Գիրքը համալրվել է գունավոր պատմական քարտեզներով, ինչպես նաև 15-րդ դարի իտալացի նկարիչների նկարներով։

Ամռանն ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից, ի՞նչ է խորհուրդ տրվում շնչառական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին: ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը, ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը կանդրադառնան թեմային:

Լրագրողների հետ կհանդիպեն լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն ու ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ նրանք կանդրադառնան իրականացվող միջոցառումների քաղաքական, պատմական շեշտադրումներին:

Այսօր Երևանում կկայանա «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնի բացման արարողությունը: Փառատոնը մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-30 տարեկան անհատներ: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրություններն, ընտրում լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում պատվավոր մրցանակները։ Այն կտևի մինչև հունիսի 19-ը: Միջոցառմանն աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am