Երևանյան բեսթսելեր 4/63. «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիրքը ամենավաճառվածների աղյուսակում է

Armenpress 11:50, 2 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Երկրորդ հորիզոնականում այս շաբաթ Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունն է: Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Իր դիրքերը բարելավել և երրորդ տեղն է զբաղեցրել Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» գիրքը: Ստեղծագործության հերոսի՝ Ամիրի համար օդապարուկ թռցնելու մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և, վերջապես, նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար կրկին լավը դառնալու հնարավորություն կար:

Չորրորդ տեղում Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» է:  Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Նախորդ շաբաթվա առաջատար Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքն այս անգամ հինգերորդն է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Համաշխարհային գրականության դասական Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»  մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և վեցերորդն է: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Յոթերորդ տեղում Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունն է: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:

Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը զիջել է իր դիրքերը և ութերորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ամենավաճառվածների ցանկի իններորդ հորիզոնականում այս շաբաթ Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքն է, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Աղյուսակը եզրափակում է ցանկ վերադարձած Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկը: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06) գրախանութները, «Էդիթ Պրինտ» (52-08-48) և «Զանգակ» (23-25-28) հրատարակչությունները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 +1 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 38 2 +8 Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» Էդիթ Պրինտ 18 3 +1 Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը Զանգակ 11 4 +1 Ջոն Բոյն «Զոլավոր գիշերազգեստով տղան» DirectMEDIA 10 5 -4 Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» Բուկինիստ 9 6 +1

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Անտարես 8 7 +1

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 8 8 -5

Սպենսոր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 7 9 +1

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 7 10 *

Դենիել Քիզ

«Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Անտարես 7

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am