Սեւանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշ է գրանցում

Armenpress 21:31, 24 Մայիս, 2017

 

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Սեւանա լճի մակարդակը մայիսի երրորդ տասնօրյակի սկզբում եւս շարունակում է բարձրանալ՝ գրանցելով վերջին 55 տարիների ընթացքում ռեկորդային նոր նիշ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի մայիսի 23-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 84 սանտիմետր բարձրության վրա, ինչը 24 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նուն օրվա նիշից:
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության կողմից տրամադրված տվյալների՝ Սեւանի մակարդակի ներկա նիշն արդեն 4 սանտիմետրով գերազանցում է 1962 թվականին գրանցված նիշին:«1962 թվականից ի վեր, մինչ օրս, լճի մակարդակն այսքան բարձր նիշ չէր ունեցել ոչ մի տարվա ընթացքում»,-հավաստեց  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության մասնագետ Նշան Ստեփանյանը: Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի արդեն Սեւանա լիճ է տեղափոխվել 50 միլիոն 416 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Հրազդանի հունով լճից բաց է թողնվել 7 միլիոն 515 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում շարունակում է դիտվել փոփոխական ռեժիմ՝ ջրի ելքերի որոշակի ավելացմամբ:
Խոսրով Խլղաթյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am