1000х90.jpg (78 KB)

Հայաստանում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և բուժանձնակազմի համար ստեղծված թվային առցանց հարթակի հիմնադիրը

Armenpress 15:56, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և բուժանձնակազմի համար ստեղծված թվային առցանց հարթակի (Life4me+ HIV/AIDS (www.life4me.plus)) հիմնադիր և սեփականատեր Ալեքս Շնայդերը: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում նա հավելվածը ներկայացրել է տնօրինությանը, բժիշկներին և ՀՀ-ում հավելվածի  ներդրման և կիրարկման անմիջական պատասխանատու «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի ներկայացուցիչներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ, մանրամասն ներկայացնելով հավելվածի նպատակը, առաձնահատկություններն ու հնարավորությունները, Ալեքս Շնայդերը նշել է, որ, ստեղծելով բժիշկ-պացիենտ ինտերակտիվ առցանց կապ, հավելվածը պահպանում է պացիենտների տվյալների թվային բազայի և գաղտնիության սկզբունքները:

Հավելվածը հնարավորություն է տալիս հետաքրքրվել պացիենտի վիճակով, նրան հիշեցումներ ուղարկել դեղերի ընդունման մասին։ Իսկ պացիենտը կարող է ստանալ բժշկի խորհուրդները, նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել հանդիպման կամ հետազոտություններ անցնելու մասին: Կենտրոնի մասնագետներն իրենց գոհունակությունն են  հայտնել  ծրագրի վերաբերյալ և համագործակցելու պատրաստակամություն հայտնել:   

Հավելվածն օգտակար կարող է լինել հատկապես միգրանտների կամ մայրաքաղաքից հեռու բնակվող շահառուների համար: Արդեն իսկ առկա է դրա հայերեն տարբերակը, որը տեխնիկապես պատրաստ է ներդրման համար:

Հայաստանը կլինի աշխարհի 25 երկրներից մեկը, որտեղ նախատեսվում է ներդնել հավելվածի փորձնական տարբերակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am