Վրացական «Տրիո Մանդիլի» ֆոլկ խումբը համերգով հանդես կգա Երևանում

Armenpress 11:09, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական «Տրիո Մանդիլի» ֆոլկ խումբն առաջին անգամ համերգային ծրագրով ելույթ կունենա Երևանում: Այն տեղի կունենա հունիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեք աղջիկները կներկայացնեն նաև հայերեն ստեղծագործություն: Նրանք հայերեն են սովորում ու հասցրել են հայ երկրպագուներին ուղղված տեսանյութ պատրաստել:

Խմբի անդամներն իրենց «Apareka» երգի համար սելֆի-տեսանյութը  համացանցում  ներբեռնելուց հետո  միլիոնավոր դիտումներ ունեցան, և տեսանյութը նրանց  համաշխարհային ճանաչում բերեց: «Apareka» տեսահոլովակն արդեն հավաքել է 20 միլիոնից ավելի դիտում, իսկ խմբի երկրպագուների բանակը շարունակում է աճել: Տրիոն վերջերս ձայնագրել է իր անդրանիկ` «With Love» ալբոմը: Մարդկանց, երաժշտության ու կյանքի նկատմամբ սիրով լցված`խումբը շրջագայություններով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում: Տրիոն արդեն իսկ երկրպագուների մեծ բանակ ունի ոչ միայն Վրաստանում, այլև Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և նույնիսկ հեռավոր Ավստրալիայում: Խմբի երևանյան համերգի կազմակերպիչներն են Prime Production և Azd Production ընկերությունները: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես տոմսարկղներից, այնպես էլ տոմսերի վաճառքով զբաղվող օնլայն հարթակներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am