Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթի հաղթողներն են Անդրեյ Կուրբետը և Արինա Իսահակյանը

Armenpress 15:36, 16 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 10-12-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ  մրցույթը: Մրցույթի կազմակերպիչն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, աջակիցը՝  Երևանի քաղաքապետարանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մրցութային 2 տարիքային խմբում մասնակցել են 17 պատանի կոմպոզիտոր:

Հանձնաժողովի որոշմամբ կրտսեր տարիքային խմբում (մինչև 13 տարեկան) հաղթող է ճանաչվել Արինա Իսահակյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Մերի Առակյանը, երրորդը՝  Էրիկա Մարկոսյանը: Ավագ խմբում (14-18 տարեկան)՝ հաղթող է ճանաչվել Անդրեյ Կուրբետը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Արամ Խանլարին, երրորդ հորիզոնականը կիսվել է երեք մասնակցի՝  Ալլա Համբարձումյանի, Ագնեսա Իսահակյանի և Նարեկ Անդրեասյանի միջև: Մրցույթի ժյուրիի անդամներն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԿՄ նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը, մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը: Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է 2014 թվականից, որի նպատակն է հնարավորություն ընձեռել  պատանի կոմպոզիտորներին դրսևորվելու, ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու անդամագրվելու կոմպոզիտորական մեծ ընտանիքին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am