1000х90.jpg (78 KB)

Արցախի ժողովուրդն է որոշում, թե որտեղ լինի իր մայրաքաղաքը, դա Ադրբեջանի գործը չէ. Դավիթ Բաբայան

Armenpress 19:08, 10 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու հարցի շուրջ լուրջ քննարկումներ և ծրագրեր չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով տարածված տեղեկատվությանը, թե Արցախի իշխանությունները քննարկում են երկրի մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու հարցը, ինչպես նաև առաջիկայում պատրաստվում են Շուշի տեղափոխել խորհրդարանը: «Ընդհանրապես կարծիքներ կան, որ Շուշին կրկին դառնա մայրաքաղաք, բայց դրանք լոկ կարծիքներ են, որովհետև այս պահի դրությամբ որևէ լուրջ քննարկում, առավելևս մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու ծրագիր չկա, որովհետև մայրաքաղաք Ստեփանակերտը իր բոլոր ֆունկցիոնալ պարտականությունները` որպես երկրի կենտրոն, երկրի սիրտ, իրականացնում է: Այնտեղ է տեղակայված մեր բնակչության մի պատկառելի հատվածը, արդյունաբերության, տնտեսության, մշակույթի, առողջապահության, կրթության հաստատությունների պատկառելի տոկոսը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Այն, որ մայրաքաղաքը չի տեղափոխվում Շուշի, դա ունի օբյեկտիվ բնույթ և որևէ կերպ կապված չէ Ադրբեջանի քաղաքականության, հնարավոր ռեակցիայի հետ: Դա Ադրբեջանի գործը չէ, Արցախի ժողովուրդը և իշխանություններն են որոշում՝ որտեղ լինի իրենց մայրաքաղաքը և ընդհանրապես քաղաքների զարգացումն Արցախի ներքին գործն է: «Այլ խնդիր է, որ մենք ցանկանում ենք Շուշին կրթական, մշակութային կարևոր կենտրոն, ինչու ոչ` մշակութային և կրթական մայրաքաղաք դարձնել: Սակայն դա երկարատև գործընթաց է: Շուշիի վերականգնումը, այնտեղ կյանքի ակտիվացումը վաղուց սկսվել է: Այնտեղ են տեղափոխվել մի շարք պետական հաստատություններ` մշակույթի  նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, տարբեր կազմակերպություններ: Շատ մեծ ուշադրություն է հատկացվում կրթական համակարգի զարգացմանը. այնտեղ կան բարձրագույն ուսումնական հաստատություններ, մասնագիտացված ուսումնական հաստատություններ, ակտիվ դպրոցաշինություն է ընթանում, վերջին տարիներին բացվել են մի շարք հետաքրքիր և տարածաշրջանում բացառիկ նշանակություն ունեցող թանգարաններ: Շուշին զարգանում է, բայց կրկնում եմ` մայրաքաղաքի տեղափոխման հարց չկա: Սրանք պարզապես Ադրբեջանի կողմից հերթական սադրիչ գործողություններն են: Սա մեր ներքին գործն է, ոչ թե Ադրբեջանի, բայց այս պահին նման հարց չի քննարկվում»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով` այլ խնդիր է, որ զարգացման հետ մեկտեղ Շուշին և Ստեփանակերտը կարող են միավորվել և դառնալ մեկ քաղաք, բայց սա ապագայի խնդիր է: Նա կոչ արեց նման երևակայությունների չտրվել, քանի որ այս պահին ունենք այն, ինչ ունենք:

Դավիթ Բաբայանը հստակեցրեց, որ Արցախի իշխանությունները երկրի խորհրդարանը Շուշի տեղափոխելու հարց ևս չեն քննարկում: «Գուցե, կան նման կարծիքներ, բայց որևէ նման ծրագիր դեռևս չկա: Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն նույնիսկ խորհրդարանը տեղափոխելով` Շուշին չի դառնում մայրաքաղաք»,- եզրափակեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Արցախի խորհրդարանը Շուշի տեղափոխելու լուրը հերքեց նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայության ղեկավար Լիլիթ Ասրյանը: Նա վստահեցրեց, որ ինքն առաջին անգամ է նման բան լսում և այդպիսի քննարկումներ չկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am