1000х90.jpg (78 KB)

Իրանի նախագահական ընտրությունների նախընտրական մրցապայքարը վերջին շրջանում թեժացել է

Armenpress 16:23, 10 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահական ընտրությունների նախընտրական մրցապայքարը վերջին շրջանում թեժացել է և չի բացառվում, որ մինչ ընտրությունների օրն այն ավելի թեժանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ մրցակցության առանցքում եռյակ թեկնածուներն են՝ Հասան Ռոհանին, Մոհամադ Բաղիր Ղալիբաֆը, Սեյեդ Իբրահիմ Ռեիսին, որոնք հեռուստաբանավեճի ընթացքում սուր քննադատություններ են հնչեցրել միմյանց հասցեին:

«Այդ ամենը հասարակական շրջանում եռուզեռ է առաջացնում եւ ոգևորում պասիվ հատվածին` մասնակցելու ընտրություններին: Ինչեւէ, երկու օր անց, 3-րդ եւ վերջին հեռուստաբանավեճն է, որն, ի դեպ, տնտեսական զգայուն թեմաներ է շոշափելու, գործող նախագահի ընդդիմախոս թեկնածուներին առիթ է ընձեռելու օգտագործել իրենց քարոզչական ամբողջ, այդ շարքում պոպուլիստական զինանոցը, որն, անշուշտ, դիմագրավելու հնարքներով փորձելու է հաղթահարել թեկնածու նախագահ Ռոհանին»,-նշել է նա:

Դերենիկ Մելիքյանի խոսքով, մյուս կողմից, 12 տարի առաջ՝ Ռաֆսանջանի-Ահմադինեժադ մրցապայքարի ժամանակ նման հասարակական-հոգեբանական մթնոլորտ էր, որն անկանխատեսելի հետևանքներ ունեցավ:

«Հուսանք, որ նախընտրական բազմապիսի կրքերը, անկախ ընտրությունների արդյունքից, չեն փոխադրվի հետընտրական փուլ ու ամեն ինչ իրենց բնականոն եւ առավել խաղաղ գործընթացներով կշարունակվեն»,-հավելել է նա:

Իրանի նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 19-ին: Նախագահի աթոռի համար պայքարում են 6 թեկնածուներ` Հասան Ռոհանի, Մուստաֆա Աղա-Միրսալիմ, Սահակ Ջահանգիրի, Մոհամադ Բաղիր Ղալիբաֆ, Սեյեդ Իբրահիմ Ռաիսի, Մուստաֆա Հաշեմի Թաբա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am